вторник, 13 января 2015 г.

Հայերեն

Հայերեն, հայոց լեզու, հայ ժողովրդի ազգային, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն: Վկայված է պատմական և տարածքային մի շարք տարբերակներով` հին (V–XI դդ.), միջին (XII–XVI դդ.), նոր կամ աշխարհաբար (XVII դարից), իր երկու` արևելյան և արևմտյան գրական տարբերակներով և չորս տասնյակից ավելի բարբառներով: Պատկանում է հնդեվրոպրոպական լեզվաընտանիքին` որպես առանձին ինքնուրույն ճյուղ:


Համեմատաբար մերձավոր առնչակցություն ունի իրանական, բալթիկ-սլավոնական լեզուների և հունարնի հետ: Կազմավորվել է որպես հայ էթնոսի լեզու` հնդեվրոպական, կովկասյան, խուռիուրարտական մի շարք լեզուների հետ սերտ շփումների պայմաններում, աստիճանաբար տարածվել և մոտավորապես Ք.ծ.ա. առաջին հազարամյակի կեսին տիրապետող դարձել Մեծ Հայքի ամբողջ տարածքում: Նախքան գրի առնվելը մշակվել է բանահյուսության, թատերական ներկայացումների, պաշտամունքային արարողությունների, արքունական կյանքի ոլորտներում, քրիստոնեության տարածման շրջանում նաև` բանավոր քարոզչության ընթացքում:

Գրավոր հուշարձաններով ավանդված է V դ. սկզբից` հայոց գրերի գյուտից անմիջապես հետո ստեղծված ինքնուրույն և թարգմանական հարուստ մատենագրությամբ: Հայոց ազգային գրի ստեղծումը խորապես գիտակցված և նպատակադրված, նույնիսկ նախապես ծրագրված քայլ էր, որ բխում էր այդ ժամանակաշրջանում Հայաստանի պետական-քաղաքական և կրոնական-գաղափարախոսական բարդ ու վտանգավոր իրադրությունից: Երկիրը գտնվում էր երկու աշխարհակալ պետությունների` Պարսկաստանի և Բյուզանդիայի նվաճողական ձգտումների կիզակետում, իսկ Հայ եկեղեցին ենթարկված էր վաղ միջնադարի քրիստոնյա աշխարհում գերիշխող դիրք գրավող հունական և ասորական եկեղեցիների ազդեցությանը:

Հայոց գրի ստեղծման առաջին և կարևոր հետևանքը Հայ եկեղեցու փաստացի անկախության ձեռքբերումն էր, քրիստոնեական կրոնի ազգայնացումը, որն իրականացվել է առաջին հերթին եկեղեցական ծիսական կարգերի և արարողությունների ոլորտից օտար լեզուների` հունարենի, ասորերենի արտամղումով: Հայ եկեղեցում Հայերենը որպես պաշտոնական լեզու ընդունելու շնորհիվ հայ ժողովրդին ավելի ծանոթ ու հասկանալի են դարձել արդեն մեկ դարից ավելի պետականորեն ճանաչված քրիստոնեական կրոնի գաղափարախոսությունը, կանոններն ու ավանդությունները:

Գրերի գյուտից անմիջապես հետո Հայերենը սկսել է գործածվել նաև որպես կրթության լեզու, սկիզբ է դրվել հայ դպրության: Գրի ստեղծումը նպաստել է նաև Հայերենի զարգացմանն ու նրա գործառությունների ընդլայնմանը: Սկիզբ է դրվել լեզվի գիտակցված և նպատակադրված մշակմանը, նորմավորմանն ու կանոնարկմանը: Կիրառվելով հասարակական ու մշակութային կյանքի գրավոր հաղորդակցում պահանջող բոլոր ոլորտներում` հայոց գրակական լեզուն ձեռք է բերել հարստանալու և կատարելագործվելու լայն հնարավորություններ: Հայերենը, դառնալով եկեղեցու պաշտոնական լեզուն, հեղինակություն ձեռք բերելով շնորհիվ նրանով ստեղծված եկեղեցական ինքնուրույն և թարգմանական գրականության (հատկապես Աստվածաշնչի թարգմանության)` կարողացել է դիմագրավել օտար լեզուների տիրապետությանը հայոց հոգևոր մշակույթի ասպարեզում:

Արքունիքի ներքին պետական պաշտոնական գրագրությունը նույնպես կատարվել է Հայերենով: Թեև պետականության կորուստը (428) հնարավորություն չի տվել հայոց նորագիր գրական լեզվին ձեռք բերելու նաև պետական լեզվի կարգավիճակ, սակայն պահպանվել է երկրի ներսում վարչական և պաշտոնական գրագրությունը Հայերենով վարելու ավանդույթը: Այսպիսով V դ. գրական Հայերենն ուներ կիրառման լայն շրջանակներ` դպրոց և եկեղեցի, պետական ու հասարակական կյանք, գեղարվեստական գրականություն, գիտություն, պատմագրություն, դավանաբանություն, արարողակարգ, նամակագրություն ևն: Ինչպես քրիստոնեական աշխարհի ամեն մի նոր ծագող ազգային գրականություն, հայ մատենագրությունը նույնպես սկսվել է թարգմանությունից` անմիջականորեն և կարճ ժամանակում հաղորդակից լինելու համար տվյալ ժամանակաշրջանի ու տարածքի մշակութային նվաճումներին:

V դ. 1-ին քառորդում սկսված մշակութային գրական շարժումն ուներ մեկ միասնական նպատակ և ուղղվածություն` գրական երկերի թարգմանությունն ու յուրացումը կատարել որոշակի նախագծի համաձայն: Գրերի գյուտը մեծապես պայմանավորված էր քրիստոնեական կրոնի ազգայնացման, տարածման ու ամրապնդման նպատակադրումով, ուստի առաջին հերթին թարգմանվել են կրոնական բնույթի երկերը` Աստվածաշունչը, ապա և վաղ քրիստոնեական շրջանի եկեղեցու հայրերի ստեղծագործություններն ու արարողական գրքերը` ժամանակի քրիստոնեական գիտության ու մատենագրության մեջ ընդունված թեմատիկ-ժանրային դասակարգմամբ` սուրբգրային, մեկնողական, ջատագովական, նվիրագործական և ծիսական, հայրաբանական, վկայաբանական, կանոնական, պատմական: Թարգմանության ընթացքում գրական Հայերենը մշակվել, հարստացել և կատարելագործվել է, մասնավորապես ձևավորվել է կրոնական տերմինաբանությունը` հնից եկող բառերի վերաիմաստավորմամբ (պատարագ, քարոզ, քահանայ), նոր փոխառություններով (ամէն, ալելուիա, ովսաննա, պռոսխումէ), ինչպես նաև Հայերենի սովորական բառերի (վարք, վկայ, հայր, առաքեալ, խորան, սեղան) տերմինացմամբ: Ընդ որում, կրոնական փոխառյալ տերմինների մեծ մասը քրիստոնեության քարոզչության վաղ շրջանում Հայերենին է անցել բանավոր ճանապարհով:

Գրերի գյուտից հետո թարգմանիչները, որպես կանոն, խուսափել են փոխառությունից, գերադասել են թարգմանել կամ պատճենել օտար տերմինը, գտնել հայերեն համարժեքը: Այս սկզբունքը հատկապես հետևողականորեն կիրառել է հունաբան դպրոցը, որի ներկայացուցիչները մեծ դեր են խաղացել Հայերենի քերականական, ճարտասանական, փիլիսոփայական, աստվածաբանական տերմինաբանության ստեղծման գործում:

V և հաջորդ դարերի ընթացքում հին գրական Հայերենով` գրաբարով, գրվել են նաև կրոնական բովանդակությամբ բազմաթիվ ինքնուրույն գործեր` վարքեր, վկայաբանություններ, ջատագովություններ, ծիսական գրքեր, որտեղ քրիստոնեական ընդհանուր աղոթքների, ժամասացությունների կողքին ստեղծվել են բուն հայկական ծագում ունեցող գրական ստեղծագործություններ` շարական, գանձ, տաղ, աղոթք, մաղթանք, մեծածավալ չափածո երկ: Սրանց մեջ առանձնահատուկ տեղ ունի Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմը, որից բազմաթիվ հատվածներ մտել են Հայ եկեղեցու արարողակարգի մեջ: Գրաբար մատենագրության պատկառելի մաս են կազմում եկեղեցական ծիսական գրքերը, կանոնագրքերը, կաթողիկոսական կոնդակներն ու ընդհանրական թղթերը, որոնք, ընդհանուր մշակութային արժեքից բացի, ունեն նաև եկեղեցական կյանքի կազմակերպման գործնական նշանակություն: Այդ շրջանում ստեղծվել է լեզվական մի մակարդակ, որը լիովին բավարարել է Հայ եկեղեցու, ամբողջ հայ ժողովրդի հոգևոր պահանջները:

Հայերենի զարգացման հաջորդ շրջանում (XII–XVI դդ.) լեզվական նոր որակի` միջին Հայերենի կողքին գրական լեզվի դերը շարունակել է պահպանել նաև գրաբարը, ընդ որում, գրական այդ երկու լեզուների միջև եղել է մատենագրության ժանրային-թեմատիկ բաժանում: Գրաբարով շարունակել են գրել պատմական երկեր, դավանաբանական, վարքագրական, մեկնողական, աստվածաբանական-փիլիսոփայական աշխատություններ, միջին Հայերենով` գեղարվեստական ստեղծագործություններ, բժշկագիտական, դեղաբանական, երկրագործական, իրավագիտական բնույթի գործեր, ուսումնական ձեռնարկներ, մասամբ` հիշատակարաններ, վիմական արձանագրություններ:

Կիլիկյան Հայաստանում միջին գրական Հայերենը փաստորեն ձեռք է բերել պետական լեզվի կարգավիճակ. նրանով են գրվել արքունի հրովարտակները, արտոնագրերը, իրականացվել դատավարությունը: Եկեղեցական արարողությունները, սակայն, կատարվել են գրաբարով: Երկու գրական լեզուների գոյակցության այս իրավիճակը պահպանվել է նաև աշխարհաբարի կազմավորման շրջանում (XVIIդ.): Նոր ձևավորվող աշխարհաբարը գրական լեզվի աստիճանի է բարձրացել իր գործառությունը շարունակող գրաբարի կողքին: Վաղ աշխարհաբարով պահպանվել են թե ձեռագիր, թե տպագիր գործեր` դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, օրագրություններ, գեղարվեստական երկեր (հատկապես քնարերգություն), ինչպես նաև կրոնական գրականություն: Կրոնական բովանդակությամբ առաջին տպագիր աշխարհաբար գիրքը Հովհաննես Հոլովի «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն» է (1687):

Հաջորդ դարերի ընթացքում գրական աշխարհաբարի հետագա զարգացումը, հասարակական կյանքում նրա դերի մեծացումը, գրապայքարում նրա տարած հաղթանակն ավելի են ընդլայնել նոր գրական Հայերենի կիրառման շրջանակները: Նրա երկու ճյուղերը` արևելահայերենն ու արևմտահայերենը, աստիճանաբար թափանցել են կրոնական մշակույթի ոլորտը, նրանցով ստեղծվել են աղոթագրքեր, բարոյախրատական երկեր, Սուրբ Գրքի մեկնություններ, կրոնի դասագրքեր, ձեռնարկներ: Հրատարակվել են հայ մատենագրության աստվածաբանական-փիլիսոփայական բովանդակություն ունեցող երկերից շատերի աշխարհաբար թարգմանությունները:

Հայ եկեղեցու արարողակարգի այն հատվածներում, որոնք ուղղված էին հավատացյալների բազմությանը (մկրտություն, պսակադրություն, թաղման ծեսեր), ավանդական գրաբար բանաձևերի ու աղոթքների կողքին սկսվել է կիրառվել նաև ժողովրդին ավելի հասկանալի նոր լեզուն: Հաղորդակցումը եկեղեցու սպասավորների և հավատացյալների միջև կատարվել է աշխարհաբարով, հատկապես բանավոր քարոզներն ամբողջությամբ եղել են աշխարհաբար: Ստեղծվել են ժամանակակից լեզվով նոր աղոթքներ, կրոնական բովանդակությամբ երգեր (հայրապետական աղոթքը ևն):

Եկեղեցու պաշտոնական գրագրությունը նույնպես անցել է աշխարհաբարի, թեև լեզուն զգալի չափով ոճավորված էր գրաբարյան արտահայտություններով ու քերականական ձևերով, հին մատենագրությունից քաղված գրաբար հատվածներով: Աշխարհաբարի զարգացման ընթացքում գրաբարը մնացել է որպես ուսումնասիրության, ուսուցման առարկա հոգևոր դպրոցներում, ճեմարաններում, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում: Դրանով պահպանվում է լեզվի պատմական զարգացման տարբեր շրջանների միջև ավանդական կապի գիտակցումը, և հայ ժողովուրդը հաղորդակից է լինում իր անցյալի հոգևոր մշակույթին:

Լիանա Հովսեփյան
Քրիստոնյա  Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий