вторник, 13 января 2015 г.

Հայերեն հնագույն թղթյա ձեռագիր

Հայերեն հնագույն թղթյա ձեռագիր, մեզ հասած հայերեն ամենահին թղթյա ձեռագիրը` գրված 981-ին: Հայ ձեռագրական արվեստի բարձրարժեք նմուշներից է (Մատենադարան, ձեռ. դ 2679): Բաղկացած է 360 թերթից, ունի 28,5x15,5 սմ մակերես («Մատեան գիտութեան եւ հաւատոյ Դաւթի քահանայի», նմանատպություն: Ուսումնասիրությունը, վերծանությունը, ծանոթագրության ցանկերը աշխատասիրությամբ Ա. Մաթևոսյանի, Ե., 1997):


Հնությամբ աշխարհում չորրորդն է, բովանդակության կարևորությամբ` առաջիններից (որպես գիտական նյութերի ժողովածու): Հայերեն հնագույն թղթյա ձեռագիրը ինքնագրով մեզ հասած առաջին ժողովածուն է և բոլորգրով գրված առաջին ամբողջական մատյանը: Կազմել է Դավիթ քահանա մատենագիրը, գրել որդին` Ղուկասը (հավանաբար` Արգինայում): Բովանդակում է աստվածաբանական, պատմագրական, տիեզերագիտական, տոմարագիտական, չափագրական, աշխարհագրական, փիլիսոփայակ նյութեր, ժամանակագրական, գեղարվեստական առանձին երկեր, հանելուկներ ևն:

Ընդգրկում է հայ հեղինակների մեծ ցանկ. Գրիգոր Ա Լուսավորիչ, Եղիշե, Մովսես Խորենացի, Հովհաննես Ա Մանդակունի, Աթանաս Տարոնացի (որպես ժամանակագիր առաջին անգամ ենք հանդիպում), Դավիթ Հարքացի, Պետրոս Սյունեցի, Վրթանես Քերթող, Անանիա Շիրակացի, Հովհաննես Գ Օձնեցի, Ստեփանոս Սյունեցի և ուրիշներ: Այստեղ ընդգրկված են նաև Փիլոն Ալեքսանդրացու, Աթանաս Ալեքսանդրացու, Գրիգոր Նազիանզացու, Ապողինար Լաոդիկեցու, Գրիգոր Նյուսացու, Եպիփան Կիպրացու, Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու և այլոց երկերից հատվածներ:
Քրիստոնյա  Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий