среда, 14 января 2015 г.

Հայսմավուրք

Հայսմավուրք, Յայսմաւուրք (XIII դարից կիրառվող այս անվանումը ծագել է գրաբարյան «Յայսմ աւուր»` այս օրը բառակապակցությունից, ինչով սկսվում է սրբերի պատմությունը), ծիսամատյան, որը պարունակում է սրբերի կյանքի (վարքի) և նահատակության (վկայության) պատմությունները, որոնք հավաքվելով, գրի են առնվել IV դ.` Եվսեբիոս Կեսարացու կողմից:


«Հաւաքումն պատմութեան մարտիրոսաց հնոց» խորագիրը կրող այդ ժողովածուն կորել է VI դ., ինչը անհրաժեշտություն է առաջացրել վերստին հավաքել և կազմել նոր ժողովածուներ` ծիսական նպատակներով: Ի տարբերություն սրբերի հիշատակի կատարման համար Հույն և Լատին եկեղեցիների որդեգրած արեգակնային, ամսաթվային կարգի, որն անշարժ է, Հայ եկեղեցին ընդունել է յոթնեկական դրությունը, որը շարժական է: Սակայն հայոց մեջ կիրառվել է նաև սրբոց հիշատակման մի եղանակ ևս` համաձայն անունների այբբենական կարգի:

Հայոց Հայսմավուրքը կազմավորվել է V–XV դդ. ընթացքում: Մատենագրական աղբյուրները Հայսմավուրքի կազմավորումը կապում են Սողոմոն Մաքենացու, Գագիկ վարդապետի (IX–X դդ.) և Ատոմ եպիսկոպոսի (X դ.) անվան հետ: Հայոց Հայսմավուրքի կազմավորմանը զգալիորեն նպաստել է հունաց Հայսմավուրքի հայերեն թարգմանությունը (991), որն իրականացրել է Հովսեփ Կոստանդնուպոլսեցին: Հատկապես կարևոր է եղել Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի կազմած Հայսմավուրքը, որը, ենթարկվելով զանազան փոփոխությունների, ժամանակի ընթացքում ձեռք է բերել կայուն նկարագիր և հիմք դարձել այդ ծիսամատյանի տարբեր խմբագրումների համար:

Հայոց Հայսմավուրքն ունի չորս խմբագրություն. Տեր Իսրայել Խաչենցու (մահ. 1249), Կիրակոս Գանձակեցու, Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսի և Գրիգոր Խլաթեցու: Տեր Իսրայել Խաչենցին իր Հայսմավուրքը կազմել է Վանական Վարդապետի (XIII դ.) և Հասան-Ջալալ Դոլա իշխանի պատվերով: Նա ճշգրտել է Գրիգոր Բ Վկայասերի սահմանած` հայ նահատակների վկայության օրերը և դրանք տեղադրել Հովսեփ Կոստանդնուպոլսեցու թարգմանած հունական Հայսմավուրքի մեջ: Տեր Իսրայելը փոխել է նաև օրվա մեջ նշվող տոնի կարգը` առաջնությունը տալով հայոց տոնակարգին:

Ի տարբերություն թե Տեր Իսրայելի, որը տարվա տոնաշարն սկսում է հունվարի 1-ից (Բարսեղ Կեսարացու վարքով), և թե Հովսեփ Կոստանդնուպոլսեցու թարգմանած ժողովածուի, որտեղ տարին սկսվում է սեպտեմբերով (Սիմեոն Սյունակյացի վարքով), Կիրակոս Գանձակեցին իր Հայսմավուրքի համար ընտրել է հայկական ամսակարգը` Գրիգոր Բ Վկայասերի օրինակով տոնաշարն սկսելով Նավասարդի 1-ից, որ է` օգոստոսի 11-ը (սկսվում է Հովհաննես Մկրտչի տոնով): Սրա շնորհիվ Կիրակոս Գանձակեցու խմբագրած Հայսմավուրքը ձեռք է բերել ազգային կերպարանք: Նրա կազմած Հայսմավուրքի առաջին խմբագրության մեջ (1252) ներմուծվել են 112 վկայաբանական նոր միավորներ, իսկ 1269-ին Սսում ընդօրինակված Հ-ի մեջ` ևս 170-ը:

Գրիգոր Է Անավարզեցու կազմած Հայսմավուրքը նախորդներից տարբերվում է ոչ հայկական` լատինադավան տոնակարգով: Հայոց Հայսմավուրքի լատինականացումը նպատակ ուներ նպաստելու Հայ և Կաթոլիկ եկեղեցիների մերձեցմանը, ինչն ի հայտ է բերում Գրիգոր Է Անավարզեցու քաղաքական կողմնորոշումը: Գրիգոր Է Անավարզեցու կազմած Հայսմավուրքը, որը հիմնված էր Տեր Իսրայելի Հայսմավուրքի վրա, Գրիգոր Փեշտիմալճյանի ձեռքով վերախմբագրվելուց հետո` 1834-ին թյուրիմացաբար հրատարակվել է իբրև Տեր Իսրայելի խմբագրություն:

Գրիգոր Խլաթեցու կազմած Հայսմավուրքը զգալիորեն տարբերվում է նախորդ խմբագրություններից իր ծավալով, ընդգրկած նյութերի բազմազանությամբ: Նրա խմբագրությունը Կիրակոս Գանձակեցու Հայսմավուրքի ընդարձակ տարբերակն է, որն ունի ավելի քան 700 միավոր: Այն աչքի է ընկնում իր ընդգրկած պատմական նյութի հարստությամբ: Հեղինակը ոչ միայն հավաքել է նախկինում շարադրված վարքերն ու վկայաբանությունները, այլև նրանց մեջ ներմուծել նորանոր տվյալներ, որոնք ունեն պատմագիտական արժեք: Նա փոխել է դրանց լեզուն` այն դարձնելով ժողովրդին մատչելի: Գրիգոր Խլաթեցու Հայսմավուրքի մեջ բազմաթիվ են տեղանունների, անձնանունների ժողովրդական ստուգաբանության օրինակները: Նա լայն տեղ է հատկացրել ժողովրդական բարքերի, կենցաղի, նիստուկացի, սովորույթների նկարագրությանը:

Հակոբ Քյոսեյան
Քրիստոնյա  Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий