среда, 14 января 2015 г.

Հայոց տոմար

Հայոց տոմար, հայկական օրացույց, ժամանակի հաշվարկի հայկական համակարգ: Հայերը դեռևս Ք. ծ. ա. ունեցել են տոմար: Սկզբում, հավանաբար, օգտագործել են լուսնայինը, հետագայում անցել ավելի կատարելագործված` արեգակնային տոմարի: Թե երբ է սկիզբ առել Հայոց տոմարը, ինչպիսին է եղել սկզբնական շրջանում և ինչ փոփոխությունների ենթարկվել, այդ մասին կան միայն կցկտուր տեղեկություններ:


Սակայն, որոշ ակիորեն կարելի է ասել, որ հայոց հին արեգակնային տոմարը շարժական էր (12x30+5), և դրա հետևանքով խախտվել են ոչ միայն ամիսների ու տարվա եղանակների որոշակի համապատասխանությունները, այլև, որ շատ կարևոր է, եկեղեցական տոների, ծիսակատարությունների ժամանակները: Որոշ տոմարագետներ Հայոց տոմարը նմանեցրել են եգիպտական տոմարին: Եգիպտացիների օրացուցային տարին, ինչպես և հայկականը, իրական արեգակնայինից մեկ չորրորդ օրով պակաս է եղել, որի հետևանքով տարեսկիզբը յուրաքանչյուր չորրորդ տարին մեկ օրով շուտ է սկսվել և իր դիրքը վերականգնել է միայն 1460 հուլյան տարի անցնելուց հետո:

Եգիպտացիները այն կոչել են Սոթիսի շրջան, հայերը` Հայկյան շրջան: Տոմարագետների մեծ մասը Հայոց տոմարի սկիզբը համարել է Ք. ծ. ա. առաջին 1000-ամյակի կեսը: Ձեռագրերում պահպանված ավանդության համաձայն, Հայոց տոմարի սկիզբը կապվել է Հայկ Նահապետի` Բելի դեմ տարած հաղթանակի հետ (Ղևոնդ Ալիշանը իր հաշվումներով հետ գնալով Հայկյան շրջաններով` այդ թվականը ստացել է Ք.ծ.ա. 2492, այսինքն` Հայոց Բուն թվականը), իսկ ամսանունները կոչվել են նրա 12 ուստրերի ու դուստրերի անուններով` Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան, Արեգ, Ահեկան, Մարերի, Մարգաց, Հրոտից և Ավելյաց:

Ք.ծ.ա. 26-ին եգիպտացիներն անցել են անշարժ տոմարի, իսկ Հայոց շարժական տոմարը հարատևել է հարյուրամյակներ, ընդ որում 12x30+5 տիպի արեգակնային տոմարները գործածել են աշխարհի տարբեր մասերում ապրող ժողովուրդները: Նիկիայի Ա տիեզերական ժողովից (325) հետո հուլյան տոմարը ընդունել են քրիստոնյա բոլոր ժողովուրդները: Մինչդեռ Հայ եկեղեցին շարունակել է առաջնորդվել Հայոց շարժական տոմարով: Հայերը, ինչպես և մյուս ժողովուրդները, եկեղեցական տոները կարգավորել են Անդրեաս Բյուզանդացու կազմած 200-ամյա (352–551) աղյուսակով, իսկ դրա ավարտից հետո գործածվել է Էաս Աղեքսանդրացու 532-ամյա զատկացուցակը, որով և սկիզբ է առել Հայոց Մեծ թվականը:

Ձեռագրերը վկայում են, որ VII դ. Անաստաս Ա Ակոռեցու հանձնարարությամբ Անանիա Շիրակացին կազմել է անշարժ տոմարի նախագիծ, որը, սակայն, գործածության մեջ չի մտել: Երկրորդ` 532-ամյա աղյուսակի (552+532) հետ է առնչվում Հայոց Փոքր թվականը (Հայոց անշարժ տոմարը): Ադանայի եկեղեցական ժողովում (1316) որոշվել է հրաժարվել Հայոց տոմարից և ընդունել հուլյանը: Այդ որոշումը, սակայն, չի իրականացվել: 1584-ին Հռոմի Գրիգորիս III պապի կարգադրությամբ հայերեն է թարգմանվել և հրատարակվել նոր` գրիգորյան տոմարը: Այդուհանդերձ, հայոց ժամանակի հաշվարկը շարունակել են կատարել ավանդական շարժական տոմարով:

Երրորդ` 532-ամյա պարբերաշրջանի (552 թ.+532+532) հետ է կապվում Ազարիա Ջուղայեցու տոմարը: Հայոց տոմարը հարատևել է մինչև XX դ.: 1920-ին Հայաստանում ընդունվել է գրիգորյան տոմարը, որը Հայ եկեղեցին պաշտոնապես ընդունել է 1923-ին:

Ջուլիետա Էյնաթյան
Քրիստոնյա  Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий