Показаны сообщения с ярлыком Իմ ժամացույցը. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Իմ ժամացույցը. Показать все сообщения

понедельник, 24 ноября 2014 г.

Մարկ Տվեն. Թե ինչպես ինձ նահանգապետ ընտրեցին

Իմ ժամացույցը, Հայպետհրատ, Երևան, 1962թ.: Լավագույն պատմվածքի մատենաշար: Ռուսերենից թարգմանեց՝ Խ. Հրաչյանը

Մի քանի ամիս առաջ իմ թեկնածությունը անկախների կողմից առաջադրեցին Նյու-Յորք մեծ նահանգի նահանգապետի պաշտոնի համար։ Երկու հիմնական կուսակցություններն առաջադրել էին միստր Ջոն Թ. Սմիտի և միստր Բլենկ Ջ Բլենկի թեկնածությունները, սակայն ես հասկանում էի, որ մի կարևոր առավելություն ունեմ այդ պարոնների հանդեպ, այն է՝ անբիծ անուն։ Բավական էր միայն թերթերն աչքի անցկացնել համոզվելու համար, որ եթե նրանք երբևէ օրինավոր մարդիկ էլ եղել էին, ապա այդ ժամանակներն անցել էին անդառնալիորեն։ Միանգամայն ակնհայտ էր, որ վերջին տարին նրանք թաղվել էին ամեն տեսակի ախտերի մեջ: Ես հարբել էի նրանց նկատմամբ ունեցած իմ գերազանցությամբ և հոգուս խորքում ցնծում էի, բայց ջրի բարակ, պղտոր հոսանքի նման մի միտք մթագնում էր իմ երջանկության անխռով մակերևույթը. ախր այժմ իմ անունը բոլորի շրթունքներին կլինի այդ սրիկաների անունների հետ միասին։ Այդ բանն սկսեց ավելի ու ավելի անհանգստացնել ինձ։ Վերջիվերջո որոշեցի խորհրդակցել տատիկիս հետ։ Պառավը պատասխանեց շտապ ու վճռական։ Նա գրում էր.

воскресенье, 23 ноября 2014 г.

Մարկ Տվեն. Թե ինչպես խմբագրեցի գյուղատնտեսական թերթը

Իմ ժամացույցը, Հայպետհրատ, Երևան, 1962թ.: Լավագույն պատմվածքի մատենաշար: Ռուսերենից թարգմանեց՝ Խ. Հրաչյանը
Ես երկյուղով ձեռք զարկեցի գյուղատնտեսական թերթի ժամանակավոր խմբագրման գործին։ Ճիշտ այնպես, ինչպես հասարակ մահկանացուն, ո՛չ ծովայինը, ձեռք կզարկի նավը ղեկավարելուն։ Բայց ես նեղ վիճակում էի, և աշխատավարձն ինձ շատ էր հարկավոր։ Խմբագիրը մեկնեց արձակուրդ, ես համաձայնեցի առաջարկված պայմաններին և գրավեցի նրա տեղը։

Այն զգացումը, որ նորից աշխատում եմ, այնպիսի բավականություն էր պատճառում, որ ամբողջ շաբաթ տքնեցի առանց ձեռքերս ծալելու: Համարը տպագրության հանձնեցինք, և ես անհամբեր սպասում էի հաջորդ օրվան՝ իմանալու, թե ինչ տպավորություն կթողնեն իմ հոդվածները ընթերցողի վրա։ Երբ երեկոյան դեմ գուրս եկա խմբագրությունից, մուտքի մոտ կանգնած մեծահասակներն ու մանուկները ցրվեցին այս ու այն կողմ, ճամփա տալով ինձ, և ես լսեցի, թե ինչպես նրանցից մեկն ասաց, «Այդ նա՛ է»։ Միանգամայն բնական է, որ ես ինձ շոյված զգացի։ Առավոտյան, խմբագրություն գնալիս, մուտքի մոտ տեսա հանդիսականների նույնպիսի մի բազմություն. բացի դրանից, մարդիկ զույգ-զույգ, կենտ-կենտ կանգնած էին փողոցի մեջտեղում ու դիմացի մայթին և հետաքրքրությամբ դիտում էին ինձ։ Բազմությունը ետ-ետ գնաց, իսկ հանդիսականներից մեկը բավական բարձրաձայն ասաց, «Տեսեք ի՜նչ աչքեր ունի»։ Ձևացրի, թե չեմ նկատում այդ ընդհանուր ուշադրությունը, բայց սրտիս խորքում շոյված էի զգում ինձ և նույնիսկ որոշեցի այդ մասին գրել մորաքրոջս։

Մարկ Տվեն. Պատմվածք լավ տղայի մասին

Իմ ժամացույցը, Հայպետհրատ, Երևան, 1962թ.: Լավագույն պատմվածքի մատենաշար: Ռուսերենից թարգմանեց՝ Խ. Հրաչյանը

Կար-չկար մի լավ տղա կար, անունը Ջեյկոբ Բլայվենս։ Նա միշտ լսում էր ծնողներին, որքան էլ նրանց պահանջները անհեթեթ լինեին, ջանասիրությամբ սերտում էր դասերը և երբեք չէր ուշանում կիրակնօրյա դպրոցից. դասերը բաց չէր թողնում ու թրև չէր գալիս նույնիսկ այն ժամանակ, երբ բանականության սթափ ձայնը հուշում էր, որ դա ամենաоգտակար ժամանցը կլինի նրա համար։ Մյուս երեխաները ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ նրան, այնքան որ Ջեյկոբը տարօրինակ էր պահում իրեն։ Նա երբեք չէր ստում, որքան էլ դա որոշ դեպքերում շահավետ լիներ։ Պնդում էր, թե ստելը լավ չէ, և ոչինչ լսել չէր ուզում։ Այո, նա պարզապես ծիղծաղելիության աստիճանի ազնիվ էր։ Այդ Ջեյկոբի տարօրինակություններն ամեն չափ ու սահման անցնում էին։ Կիրակի օրերը նա գնդիկախաղ չէր խաղում, չէր քանդում թռչունների բները, կրակի վրա տաքացրած պղնձադրամներ չէր խցկում փողոցակին երաժշտի կապիկի ափի մեջ։ Մի խոսքով, այդ Ջեյկոբն ամենաչնչին հակում իսկ չուներ դեպի խելացի զվարճությունները։

Մարկ Տվեն. Իմ ժամացույցը

Իմ ժամացույցը, Հայպետհրատ, Երևան, 1962թ.: Լավագույն պատմվածքի մատենաշար: Ռուսերենից թարգմանեց՝ Խ. Հրաչյանը

(Խրատական պատմվածf)

Իմ նոր հիանալի ժամացույցը մեկ և կես տարի աշխատում էր առանց ետ ընկնելու և առանց շտապելու։ Այդ ժամանակամիջոցում նա ոչ մի անգամ կանգ չէր առել ու չէր փչացել։ Ես սկսեցի նրան համարել մեծագույն հեղինակություն ժամանակ ցույց տալու տեսակետից և նրա անատոմիական կառուցվածքն ու կազմությունը դիտել իբրև անխորտակելի։ Բայց մի անգամ քնելուց առաջ մոռացա ժամացույցս լարել: Ես շատ վշտացա, քանի որ բոլորն էլ ընդունում են, որ դա վատ նշան է։ Սակայն շուտով նորից հանգստացա, ժամացույցս ուղղեցի ենթադրաբար, և ջանացի ամեն տեսակ վատ նախազգացումները հեռու վանել ինձանից։