http://www.panorama.am/am/news/2016/05/16/kerry-lavrov-karabakh/1580586
Պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը
կփորձեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Վիեննայում անցկացվելիք
բանակցություններում կայունացնել իրավիճակը շփման գծում և վերահաստատել
հրադադարը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին Վիեննայում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ռադիոկայանի հարցին, թե ինչ ակնկալիքներ կան Վիեննայում տեղի ունեցող
հանդիպումների շարքից, Ջեյմս Ուորլիքը նշել է, որ համանախագահները հույս
ունեն, որ տեղի կունենան արդյունավետ քննարկումներ:
Անդրադառնալով հարցին, թե ինչ կարող է ասել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն
առաջարկի մասին, որ բանակցությունների կարելի է վերադառնալ հրադադարի
ռեժիմը ամրապնդելուց և հստակ երաշխիքներ ներկայացնելուց հետո, Ջեյմս
Ուորլիքը նշել է.
«Մենք այս երեկո շատ կարևոր հարցեր ունենք քննարկելու նախագահների հետ:
Առաջինը և ամենակարևորը՝ մենք ակնկալում ենք, որ երկու նախագահները մեզ
կվստահեցնեն, որ 1994-95 թվականների հրադադարի համաձայնագրերը պահպանելու
են: Մենք նաև ակնկալում ենք քննարկել վստահության բարձրացման միջոցների
մասին: Մենք ուզում ենք սկսել բանակցություններ, որոնք կավարտվեն
համապարփակ կարգավորմամբ, մինչդեռ, քանի դեռ պատերազմական
գործողությունները շարունակվում են, նման բանակցություններ վարել հնարավոր
չէ: Այս առումով՝ ես վստահ եմ, որ նախարարները նախագահների հետ կքննարկեն
հավասարակշռության վերահաստատման մեխանիզմները, վստահության բարձրացման
միջոցները, ինչպես նաև անհրաժեշտ հումանիտար քայլերը: Մենք նաև հույս
ունենք, որ նախագահները կհամաձայնեն առաջ շարժել բանակցային գործընթացը
համապարփակ կարգավորման ուղղությամբ»:
Իր խոսքում ԱՄՆ համանախագահը նշել է, որ այսօր Վիեննայում հանդիպում են,
որպեսզի ուղիներ փնտրեն առ այն, որ ապրիլյան սրացումը նորից տեղի չունենա:
Վիեննայում կայանալիք հանդիպման ֆորմատի առնչությամբ էլ դեսպան Ուորլիքը
նշել է, որ, հավանաբար, բոլոր ներկաների և նախագահների մասնակցությամբ տեղի
կունենա հանդիպումը, և որ ինքը հույս ունի՝ հանդիպումից հետո կկարողանա
հայտարարել, որ լուրջ առաջնթաց են արձանագրել:
Комментариев нет:
Отправить комментарий