Հակոբ Ղրիմեցի [1360-ական թթ., Սուրխաթ (Ղրիմ) – 1426, Ցիպնավանք], տոմարագետ, մեկնիչ, մանկավարժ, երաժշտագետ: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա սովորել Երզնկայի դպրոցում: Ավարտելուց (1389) հետո դասավանդել է նույն դպրոցում, որտեղ ուսուցչի` Գևորգ վրդ. Երզնկացու խնդրանքով գրի է առել իր դասախոսությունները և կազմել տոմարագիտության ձեռնարկ (ձեռագրերում պահպանվել է «Ի խնդիրս հասարակաց օգտի» վերնագրով): «Հարցումն Գէորգ րաբունապետի և ծառայաբար կատարումն Յակոբ աշակերտի» աշխատության մեջ քննել է տոմարագիտական-եկեղեցական հարցեր, որոնց Հովհաննես Սարկավագից հետո ոչ ոք չէր անդրադարձել: