Մանանդյան Հակոբ Համազասպի (22.11.1873, Ախալցխա – 4. 2. 1952, Երևան), պատմաբան, բանասեր, աղբյուրագետ: Պրոֆ. (1925), պատմ. գիտ. դոկտոր (1938), ԽՍՀՄ ԳԱ ակադ. (1939), ՀԽՍՀ ԳԱ ակադ. (1943): Գիտ. վաստ. գործիչ (1935): Սկզբ. կրթությունն ստացել է Ախալցխայի Կարապետյան վարժարանում (1880–83), ապա սովորել է Թիֆլիսի 1-ին դասական գիմնազիայում (1883–93), Ենայի, Լայպցիգի, Ստրասբուրգի համալսարաններում (1893–97), մասնագիտացել արևելագիտության և լեզվաբանության մեջ: Էքստեռն կարգով ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արլ. լեզուների ֆակ-ը (1898) և Յուրևի (Դորպատ) համալսարանի իրավաբ. ֆակ-ը (1909): 1900–05-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1906–1907-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1920-ին՝ Հայաստանի համալսարանում: Եղել է նույն համալսարանի պատմալեզվագր. ֆակ-ի դեկանի պաշտոնակատար, 1921-ին՝ ԵՊՀ ռեկտոր, 1921–23-ին՝ արևելագիտ. և պատմագր. ֆակ-ների դեկան, 1921–1925-ին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1925–31-ին՝ նույն ամբիոնի պրոֆ.: