Մայիս մեկին, բոլոր տուները, բայց մասնավորապես հույներու տուները կզարդարվեին
վարդերու և զանազան ծաղիկներու կիրլանդներով։ Փրփրադեզ կաթը կլեցվեր մեծ ընդունարաններու
մեջ, որովհետև սովորույթ էր այդ օրը առատությամբ կաթ խմել։
Տեսեր եմ շիա թուրքերու մռայլ տոները... արյունաշաղախ թափորներ, դիվահարի դեմքով
մարդիկ, որոնք իրենց կուրծքերուն զարնելով խոռոչային ձայնով կգոչեին «յա՜ Հասան, յա՜
Հյուսեին»։ Կհիշեմ ռամազանի գիշերները, երբ մինչև արևածագի թնդանոթներու թնդյունը,
դավուլ զուռնան կբաբախեր ետևի թաղերու մեջ և թուրք արբած երիտասարդներու նաղարան կերկարաձգվեր
աղետի ազդարարության նման։