воскресенье, 23 августа 2015 г.

Սիլիհտարի պարտեզները. հատված



Մայիս մեկին, բոլոր տուները, բայց մասնավորապես հույներու տուները կզարդարվեին վարդերու և զանազան ծաղիկներու կիրլանդներով։ Փրփրադեզ կաթը կլեցվեր մեծ ընդունարաններու մեջ, որովհետև սովորույթ էր այդ օրը առատությամբ կաթ խմել։
Տեսեր եմ շիա թուրքերու մռայլ տոները... արյունաշաղախ թափորներ, դիվահարի դեմքով մարդիկ, որոնք իրենց կուրծքերուն զարնելով խոռոչային ձայնով կգոչեին «յա՜ Հասան, յա՜ Հյուսեին»։ Կհիշեմ ռամազանի գիշերները, երբ մինչև արևածագի թնդանոթներու թնդյունը, դավուլ զուռնան կբաբախեր ետևի թաղերու մեջ և թուրք արբած երիտասարդներու նաղարան կերկարաձգվեր աղետի ազդարարության նման։

Կհիշեմ նաև Ղուրբան պայրամիի նախորդող օրերը, կնգուղավոր հովիվներ, որոնք փողոցեն կտանեին կապույտ, կարմիր ժապավեններով գանգուր գառները և որոնց մայունը կկորսվեր թուրք տղոց ժխորին մեջ։

* * *
 
Մեր փողոցի վարի մասը միշտ լեցուն էր աղմկարար երեխաներով, կես կուշտ, կես անոթի բանվորներով ու ձկնորսներով, որոնց կյանքը գարունեն մինչև ձմեռնամուտ կանցներ փողոցներու մեջ և գոնե տան սեմերու վրա։ Երբ Երանիկ մորաքրոջս հետ կիջնեի փողոցեն, բոլոր այդ միահարկ տուներու դռները բաց կըլլային և սենյակներն իսկ իրենց բազմաթիվ պատուհաններով պատշգամբներու պես կհայտնաբերեին բնակիչներու ներքին և մտերիմ կյանքը։

Հույն թե հայ այդ մարդիկը փողոցին մեջ կլուծեին իրենց ընտանեկան վեճերը. Փողոցին մեջ էր, որ ամուսնության խոստումները կդրվեին և դարձյալ փողոցի մեջ էր, որ վիճաբանության կենթարկվեին ընդհանուրին եղող զանազան հարցեր։ Կագ ու կռիվը, ինչպես և ուրախությունը անպակաս էր այդ փողոցներու մեջ։
Աղմկարար և շատախոս հույներու և հայհոյելու մեջ վերտիոզ հայերու ժխորին կուգային կմիանային փողոցի շուներու իրարանցումը և հաչոցները, ինչպես նաև շրջիկ վաճառողներու երկարաձիգ աղաղակները և երգող կանչերը, որոնցմով իրենց ապրանքը կգովեին։
Մեր տնեցիները, բացի Երանիկ մորաքույրս, չէին սիրեր իջնել այդ փողոցեն և այսպես ըսելով իրենց երեսը կդարձնեին դեպի Սելամսըզ։
Զապել Եսայան, Սիլիհտարի պարտեզները, Երևան, 1935թ.

Комментариев нет:

Отправить комментарий