суббота, 7 февраля 2015 г.

Հայկական բանակը Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում

Հայ ժողովրդի պատմություն, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1976

Հայկական բանակը Բագրատունիների օրոք բաղկացած էր հեծելազորից և հետևակազորից, նրա զինվորների թիվը մոտավորապես հարյուր հազար էր։ Աղձնիքի տեր Ահմադ Շայբանու դեմ պատերազմի գնալիս, Սմբատ Ա թագավորի ձեռքի տակ կար հարյուր հազարանոց զորք։ Անիում կատարված տոնահանդեսների ժամանակ, ըստ Մատթեոս Ուռհայեցու, հայոց թագավորի մոտ հավաքվել էր հարյուր հազար ընտիր զորք, որի մասին նա մեծ գովեստով է խոսում՝ «Եւ յայնմ աւուր լինէր հանդէս զօրաց նորա հարիւր հազարաց վառելոց ընտիր արանց ի մարտ պատերազմաց անուանեաց և քաջ կորովեացէ վասն զի որպէս զկորիւնս առիւծուց կամ որպէս զձագս արծուեաց յուզէին զօր պատերազմին»։


Սակայն միշտ չէր, որ պահպանվում էր այս քանակը. լինում էին դեպքեր, երբ ավելի քիչ թվով էր հավաքվում հայկական զորքը: Հովհան Չմշկիկ կայսեր առաջխաղացումը դիմագրավելու համար Աշոտ Գ թագավորը 80 հազարանոց զորքով բանակ դրեց Հարք գավառում։
Հետևակազորը բաղկացած էր լինում ռամիկ ժողովրդից, մեծ մասամբ շինականներից, որոնք թեթևազեն էին և միշտ կարիք ունեին հեծելազորի պաշտպանության։ Սմբատ Ա թագավորի վերոհիշյալ պատերազմի ժամանակ, երբ հեծելազորը նահանջում է, թշնամին հարձակվում է հատկապես հետևակազորի վրա և մեծ վնասներ հասցնում։

Հայոց զորքն ուներ նիզակավորների, աղեղնավորների, սուսերավորների և այլ զորատեսակներ։ Սմբատ Ա-ի օրոք Արծրունիների միջև տեղի ունեցած մի կռվի առթիվ Հովհաննես Դրասխանակերտցին այսպիսի դասակարգում է տալիս կռվող բանակին. «Աղեղնւսսորս, շերտաւորս, սուսերաւորս, վահանավառս կորովիս», մի այլ առիթով նա հիշում է՝ «աղեղնաւորք կորովեաց, և տիգաւորք նիզակաց»։

Հայկական զորքը բաղկացած էր մարզպետական և արքունական գնդերից։ Առաջինը կազմվում էր ամբողջ Հայաստանից հավաքված գնդերից և ենթակա էր մարզպետ կամ մարզպան կոչված զորավարին։ Սմբատ Ա թագավորի ժամանակ մարզպանն էր Գուրգեն Արծրունին, իսկ Գագիկ Ա-ի օրոք հիշվում է Աշոտ մարզպանը։ Անիում կատարված տոնախմբության մասին պատմելիս պատմիչը վկայում է, որ «ժողով արար զօրապետն Հայոց զմարզպետական գունդն քառասուն և հինգ հազար արանց քաջաց, զատ ի յարքունական գնդէն»։

Հայոց զորքի հիմքն էր այրուձին՝ հեծելազորը, որն աչքի էր ընկնում իր զինավառությամբ։ Արիստակես Լաստիվերտցու մոտ այն անվանված է «սեպուհ գունդն ազատաց», որը ճոխությամբ էր օժտված։ Հեծելազորն իր թվով հետևակազորի կեսն էր կազմում, այսինքն ամբողջ զորքի մեկ երրորդը: Այսպես, օրինակ, Հովհաննես-Սմբատ թագավորի ժամանակ, երբ նրա եղբայր Աշոտը դուրս եկավ հայոց թագավորի դեմ, վերջինս ուներ 40 հազար հետևակ և 20 հազար ձիավոր, որր շատ բնորոշ համեմատություն է այդ ժամանակաշրջանի համար։

Արիստակես Լաստիվերտցին, ողբալով երկրի վիճակը՝ Բագրատունյաց թագավորության անկումից հետո, հայկական բազմամարդ այրուձին իր անցյալ փառքի օրերին նմանեցնում է խտացյալ ամպի, իսկ ռազմիկների հանդերձանքը՝ գարնանային ծաղիկների գունագեղության՝ «ո՜ւր զօրացն բազմութիւն որ իբրև զամպս խտացեալ... զօրէն գարնանաբոյս ծաղկանց գունակ-գունակ հանդերձիւքն փայլէին»։

Բագրատունի թագավորների հենարանն էր արքունական գունդը, որը թագավորական տիրույթներից հավաքված ռազմիկներից էր բաղկացած և պահվում էր մեծ մասամբ մայրաքաղաքում և արքայական ամրոցներում։

Առաջին Բագրատունիների օրոք հայկական զորքը միաձույլ էր, սակայն մասնատվածության շրջանում որոշ ինքնուրույնություն ունեցան տեղական գնդերը։ Ամեն մի իշխան կամ տեղական թագավոր ընդհանրապես ուներ իր գունդը (կամ գնդերը), հատուկ դրոշով և զինանշանով։ Վասպուրականի Արծրունյաց և այլ մանր թագավորությունների գնդերը նույնիսկ առանձին մարզպան ունեին։

X դարի վերջին Սմբատ Բագրատունի թագավորի ժամանակ հիշվում է Վասպուրականի Տիգրան մարզպանը, ինչպես նաև Վարաժնունյաց տեր Սահակ Մարզպանը։ Տաշիր֊Զորագետում հիշվում է մարզպան Դեմետրը։

Սյունյաց Սմբատ իշխանը, կամենալով ապստամբել Սմբատ Ա թագավորի դեմ, տաս հազար զորք հավաքեց։ Տաշիր-Զորագետի Դավիթ Անհողինը, Գանձակի Շադդադյանների դեմ գնալիս, հավաքել էր տաս հազար զորք, որին միացան նաև օգնական գնդեր։ Կարսի (Վանանդի) Աբասն ուներ իր «Կարմրազգեստ գունդը», որը մասնակցում էր Հայոց թագավորի մղած պատերազմներին։

Հայկական զորքի պատմության մեջ Բագրատունյաց ժամանակաշրջանում վարձկան ռազմիկների օգտագործումը նոր երևույթ էր։ Աշոտ Բ թագավորի ժամանակ, երբ Սյունյաց իշխանը հարձակվեց Գողթնի ամիրայության վրա, իր զորքի մեջ ուներ վարձկան գաբավոնացիք, որոնք դավաճանեցին և պարտության պատճառ դարձան։

Բագրատունի թագավորներից առաջինը Աշոտ Գ-ն է, որի մասին վկայություն կա, թե վարձկան զորք Է ունեցել։ Նոր իշխանական տներ ստեղծելու քաղաքականությանը զուգընթաց, նա օգտագործեց նաև վարձկան զորքը, համարելով այն ավելի հավատարիմ, քան տոհմիկ սեպուհները, որոնք կենտրոնախույս ձգտումներով էին վարակված։ 953թ. Դվին քաղաքի վրա կատարած հւսրձակման ժամանակ Աշոտ ողորմածը իր 30 հազարանոց զորքի մեջ ուներ հայեր, լեզգիներ և այլ «անհավատներ»։ Նույն կազմն ուներ նաև Վայոց ձորի Տեր Մոզա (արաբ Դիր Մուսա) իշխանի զորքը։ Ինչպես երևում Է, հայոց թագավորները այս օտար ռազմիկներին կամ նրանց զորապետերին հողեր չէին պարգևում, ուստի նրանք չէին կարող այս միջոցով Հայաստանում հաստատվել:

Հայոց թագավորության թուլացման և անկման շրջանում հայկական զորքի թիվը փոքրացել էր։ Անիի պաշտպանության ժամանակ բյուզանդական հարձակվող զորքի դեմ հայոց սպարապետն ուներ «արք երեսուն հազար հետևակք և ձիաւորք», թեև դա միայն Անիում հավաքված զորքի թիվն էր։

Հայոց զորքը մեծ մասամբ տեղավորված էր ամրոցներում և պարսպապատ քաղաքների միջնաբերդերում։ Ամբողջ Հայկական լեռնաշխարհն ուներ բերդերի մի ընդհանուր պաշտպանական համակարգ՝ Սյունյաց, Արցախի բերդերը՝ արևելքից ու հարավ-արևելքից եկող հարձակումների դեմ, Վասպուրականի, Մոկաց ու Սասունի բերդերը՝ արևելքից ու հարավից եկող սպառնալիքի դեմ, իսկ Բարձր Հայքի ու Ծոփքի բերդերը՝ արևմտյան վտանգը չեզոքացնելու համար։ Սակայն ամենակարևոր պաշտպանական համակարգը Անին շրջապատող բերդերն էին, որոնք Հայոց թագավորության սիրտն էին պաշտպանում։ Անին արևմուտքից պաշտպանում էին Կարս բերդաքաղաքը, Կապույտ բերդը (Արտագերս) և այլ ամրոցներ։ Անիի մատույցները պաշտպանում էին հարավից Մաղասբերդը, իսկ հյուսիսից՝ Տիգնիսը։ Ատրպատականի կողմից պաշտպանական գիծը ավելի խիտ էր, և հարձակումները հաճախ նույնիսկ չէին հասնում Անի։ Նախճավանը հարավում առաջին պաշտպանության կետն էր, որից հետո գալիս էին Դվինը, Սուրմարին, Երևանի բերդը, ապա Գառնին, Բջնին ու անառիկ Ամբերդը։ Այս վերջին բերդերը, իրենց թիկունքում ունենալով Արագածը և այլ լեռներ, շատ հաճախ էին կանգնեցնում թշնամու հարձակումները։

Հայկական ամբողջ զորքի հրամանատար՝ սպարապետի հեղինակությունը շատ մեծ էր. նա թագավորից հետո երկրորդ անձնավորությունն էր պետության մեջ։ Սմբատ Ա-ի օրոք սպարապետ Շապուհ Բագրատունին 903թ. վիմագիր արձանագրության մեջ այսպես է բնորոշում իր պաշտոնը. «Ես Շապուհ Բագրատունի Հայոց սպարապետ տերանց տէր…»։ Ըստ էության սպարապետության պաշտոնը (որպես թագավորից հետո երկրորդը) զուտ հայկական երևույթ էր և չկար ոչ Արաբական խալիֆայության մեջ, որտեղ պետության երկրորդ անձը վեզիրն էր, ոչ էլ Բյուզանդական կայսրությունում։

Առաջին Բագրատունիների օրոք բոլոր սպարապետները թագավորական ընտանիքից էին։ Աշոտ Ա-ի սպարապետն էր նրա եղբայրը՝ Աբասը, Սմբատ Ա֊ի սպարապետն էր նախ նրա եղբայր Շապուհը, ապա եղբորորդին՝ Աշոտը։ Այս սովորությունը վերանում է մասնատվածության շրջանում, և սպարապետներ են հանդես գալիս տարբեր իշխանական տներից, ինչպես օրինակ, Գոռ Մարզպետունին՝ Աշոտ Գ֊ի օրոք։ Վերջապես, հենց Աշոտ Գ-ի ժամանակից հանդես եկած Պահլավունիները (Ապուղամրենք) այս ասպարեզում ևս տալիս են նշանավոր դեմքեր, ինչպես Վահրամ Պահլավունին՝ Հովհաննես֊Սմբատի և Գագիկ Բ֊ի օրերին։

Սպարապետի պաշտոնի հետ սերտ առնչություն ուներ «Հայոց զօրավարութիւնը»։ Սա մի ժամանակավոր պաշտոն էր, որը Սմբատ Ա թագավորը սիրաշահելու նպատակով տվեց Գագիկ Արծրունուն։ Նրա առջևից խաչադրոշ էր տարվում։

Комментариев нет:

Отправить комментарий