суббота, 7 февраля 2015 г.

Հայ բեկորներ բեդվիններու մեջ

Սիրիական անապատներից հայ որբերին հավաքելու և որբանոցներում տեղավորելու, ինչպես նաև հետագայում նրանց կյանքը կազմակերպելու գործում մեծ դերակատարություն են ունեցել Ամերիկյան Նպաստամատույցի որբանոցը և Հալեպի Դանիական հաստատությունը՝ Քարեն Եփփեի գլխավորությամբ: Այս մասին պատմում է Արտավազդ արքեպիսկոպոս Սյուրմեյանը իր «Պատմութիւն Հալեպի հայոց» (Ա հատոր, Հալեպ, 1940թ.) ծավալուն աշխատության մեջ, որի մի հատված ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Քարեն Եփփեի մասին կարող եք կարդալ նաև «Հարցազրույց ժամանակի և տարածության վրայով» հոդվածում, որը հրատարակվել է «Սովետական Հայաստան» ամսագրում, 1985թ. (թիվ 4):


Արտավազդ արքեպիսկոպոս Սյուրմեյան, Պատմութիւն Հալեպի հայոց, Ա հատոր, Հալեպ, 1940թ.

Ռաքքայի շրջանի երկրագործական նորահաստատ գյուղերու մեջ բացված որբանոցը՝ ուր պետեվի վրաններեն ազատագրյալներ հետզհետե ինքնաբավ դարձան ու բազմացան: 1928թ. նոյ. 25-ին Հալեպի առաջնորդ Տեր Արտավազդ Վրդ., Տեր Մկրտիչ և Տեր Ղևոնդ քահանաներու հետ, Խըրպեթ էլ-Ռըզի (Ռաքքայի շրջաբ) Դանիական որբանոցին մեջ օրհնեց պսակը պետեվի վրաններեն ազատագրված ութը հայ զույգերու, որոնց բոլորն ալ կապրին ու ծնող են յուրաքանչյուրը մեկ քանի զավակներու: Խումբին ձախ կողմը կեցողը Դանիացի Միս Ենին է, հայասեր ու հայախոս ազնիվ օրիորդը:



Եթե պատահեր, որ Սուրիո աշխարհագրությանն ու պատմությանը նվիրված այս գիրքը քառորդ դար առաջ գրված ու հրատարակված ըլլար, Պետեվի երկրին և պետեվիներուն հատկացված այս համառոտ բաժինը պետք էր մինչև հոս ավարտած ըլլար: Բայց այդքանը բավական պիտի չըլլար, խորհելով որ նույն այդ Պետեվի երկիրը եղավ նաև՝ թեև ժամանակավոր՝ բայց և այնպես դժբախտ բնակավայրը 1915-ի և 1916-ի հայկական ահավոր եղեռնին ազատվող մեր հարյուր հազարավոր որբ ու որբուհիներուն, որոնք ոևէ ձևով որդեգրվեցան պետեվիներեն ու մնացին իրենց մոտ իբր հովիվ, իբր ծառա, իբր գերի, իբր կին կամ աղախին: Բովանդակ պետեվի ժողովուրդը, Համատի անապատեն սկսած մինչև Խապուրի ու Ճաղճաղի հովիտը, մինչև Միջագետք ու հեռավոր Պաղտատ, հոտը առած էր հայկական սպանդին ու տարագրության, ու ըլլա հատկապես, ըլլա գործի բերումով՝ քաղաք կիջներ նույն օրերուն ու կդիտեր անոթի ու մերկ, սովատանջ ու հիվանդ խլյակներու հավաքումներ ու մերթ կարեկցութենե շարժած ու երբեմն ալ՝ ու այս ալ ավելի բնականորեն՝ իբր պատրաստի մարդկային ապրանք, կգներ անոնցմե տասնյակներով ու կտաներ իր վրանը, զանոնք խառնելու համար իրեններուն:
Շամմար աշիրեթի վրաններուն տակ, 12-13 տարի իբր ուղտապան ապրող ու 1927-ին ազատվելով Հալեպ ապաստոանող ու հոս իրեն բախտակից նույնպես Շամմար պետեվիներու մեջ ապրած Նիկոմիդիացի Տիրուհիի հետ ամուսնացող ու ներկայիս երեք զավակներու հայր՝ Կարնո Ձիթհող գուղացի Արամ Ավետյան, իր կնոջ ու զավակներուն հետ՝ Հալեպ: Արամ ու Տիրուհի նկարին վերևը կերևան իրենց պետեվի տարազով:

Ըսի քանիցս անգամ, որ պետեվիները հակառակ բազմակին ու բազմածին ըլլալուն, իրենց երեխաները չեն ապրիր ու անհամեմատ է մանուկներու մեջ մահերու թիվը: Հալեպի, Մեսքենեի, Ռագգայի, Տեր էզ-Զորի և Ռաս ուլ-Այնի շուկաներուն վրա տեղի ունեցած արջառի կամ ուղտի փոխանակության պես, հայ սովալլուկ գառնուկներ, ծծկեր երեխայեն սկսյալ մինչև տասնվեց, տասնութը տարեկանները, մանչ թե աղջիկ, կվաճառվեին այդ քաղաքներու մեջ նույն տարիներուն, հայ մանուկ ու մանկուհիներու առևտուրին միջնորդներեն, ու մերինները շատ անգամ սիրով և երբեմն ալ լացով կերթային անոնց ետևեն, կոխելով անապատի այրող ավազներուն վրա ու կանգ առնելով երբեմն ջրհորի մը եզերքը կամ առվի մը մոտ, տղմուտ ջուրերով իրենց պասուքը կեցնելու:

Թե ինչ ու որքան արագ կերպով ընտելացան մերինները պետեվի կյանքին, ինչպես ապրեցան մեր անմեղ գառնուկները անապատի կիսավայրենի այդ ժխորին ու խառնիճաղանճին մեջ, ու վերջապես տարիներ անցնելե հետո, ու ո՜վ գիտե որպիսի մռայլ, տխուր ու ցավագին տարիներ, անոնք իրենց պատառատուն վրաններուն մեջ լսեցին, բերնե բերան, ցնծագին ավետիսը իրենց հայրենի երկրի ազատագրության ու վազեցին մերձակա քաղաքներ, ցնցոտիներու մեջ ու երեսնինանճանաչելի՝ երթալ խառնվելու համար ազատագրվածներու ավելի մեծ կարավաններուն, լեցնելու համար Ամերիկյան Նպաստամատույցի որբանոցները, ասոնք բոլորը վերջին Հայ Եղեռնին ընդհանուր պատմության ամենեն ցավագին դրվագներեն մեկը կկազմեն, որ դեռ գրված չէ դժբախտաբար, մինչդեռ շատ դյուրությամբ կարելի էր գրել, վասնզի պետեվիներու երկրին մեջ ապրած մեր բեկորներեն քիչ չէր թիվը անոնց՝ որոնք Զինադադարեն հետո լավագույն պատեհություններ ունեցան բարձրագույն ու նույնիսկ համալսարանական ուսման հետևելու:

Ու դարձյալ կարելի չէ նույնիսկ մոտավոր մեկ հաշիվը ներկայացնել, թե քանինե՞ր մերիններեն ամուսնացան պետեվի վրաններու տակ ու որքանը անոնցմե մեռավ, առանց տեսնելու իր ու իրեններուն ազատագրությունը:

Դեռ մինչև քառորդ դար առաջ հայուն համար անծանոթ մնացող Շամմար ու Անեզե ցեղախումբերը՝ վերապրող բյուրավոր հայորդիներու ընտանի անուններ դարձան, ու թերևս ուղտի երես չտեսնող հայ մանուկներ, դարձան հովիվը ուղտի կարավաններուն: Անապատեն ազատվողներու մեծագույն տոկոսը Հալեպ ապաստանեցավ, ուր պատերազմի վերջին տարիներուն արդեն կազմված էին Որբախնամ ու Այրիախնամ մարմիններ, առանց լուրջ կազմակերպության:
Պետեվի վրաններեն ազատագրված Դարեհճան Երկայնեան, Զալղարա գյուղեն

1918-ի վերջերը, անգլիական բանակի Հալեպ ժամանումով, հետզհետե ստվարացավ անապատեն քաղաք խուժողներու թիվը, մեծագույն մասով մանչեր, վասնզի աղջիկներու և հարսնացողներու համար կտիրեր տակավին կանանոցի կյանքը, մինչև որ բանակի սպաներ և որբախույզ մարմիններ իրենց օժանդակությունը բերեին ավելի շատ թվով ազատագրվածներ արձանագրելու որբանոցներու մեջ: Ասոնց առաջին խումբերը ուղղակի Կ.Պոլիս հասան՝ ուր զիրենք առաջին առթիվ որդեգրեց ու պաշտպանեց Ազգ. Խնամատարությունը, որբախնամ ու այրիախնամ կանոնավոր կազմակերպությամբ: Ես կկարծեմ, որ անապատե ազատագրվողներուն ամենեն երջանիկները Պոլսո որբանոցներուն մեջ որդեգրվողները եղան, որոնց գեթ երեք չորս տարի կարելի եղավ ազգային դաստիարակություն մը ջամբել ու հայ պահել զիրենք:

Նման լուրջ հոգածության մը առարկա եղան նույնպես Գոնիայի Ամերիկյան Նպաստամատույցի որբանոցը ապաստանողները, որոնց մեծագույն մասը Սուրիո անապատներեն ազատագրվողներն էին:Այդ տարիներուն անմոռանալի բարիք մը եղավ նույնպես Հալեպի Դանիական հաստատությունը, ողբացյալ Միս Քարեն Եփփեի իմաստուն հսկողության տակ, ու այդ հաստատության ազատագիրներուն նվազագույն 50%-ը՝ եթե ոչ ավելին Անեզե և Շամմար ցեղախմբերեն ազատագրվածներն էին: Հիշյալ Դանիական հաստատութենեն իմ քաղածս մասնավոր տեղեկություններեն կը հետևի, որ ազատագիրներուն 60%-ը մանչեր էին և 40%-ը միայն աղջիկներ կամ կիներ: Այս վերջինները, գրեթե առանց բացառության կտածուած էին, դեմքերեն ու ձեռքերեն և նոյնիսկ կուրծքերեն: Մանչ տղոց քիթի ծայրը և աջ ձեռքերուն վրա անպայման կար կապույտ նշանը: Մենք տեսանք, որ պետեվիներ երեխան ծնելեն գեթ տարի մը վերջ զայն կտածեին, մահվան ու չար աչքի դեմ, անշուշտ որ անապատի ընդարձակ տարածությանց վրա գերի տարվող հայորդիներու կտածումը չէր կրնար միաևնույն նպատակով եղած ըլլալ, վասնզի անոնք իրենց հարազատները չէին: Բայց այդ թշվառներն ալ առաջին հերթով պետեվի «մկրտել» պետք էր, զանոնք իրենցը նկատելու համար, իրենց «որդեգրության» մեջ պահելու համար, այնպես՝ ինչպես որ նման պարագաներու մեջ ավելի քաղաքակիրթ երկիրներու իշխանության տակ անցնողներ պիտի ազգայնացվեին:

Комментариев нет:

Отправить комментарий