пятница, 17 июля 2015 г.

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

«4-5 տարի դժվար ենք դիմանում, բա 7 տարի ո՞նց ենք դիմանալու»

Սահմանադրական փոփոխությունների հրապարակված նախագծի վերաբերյալ ԳԱԼԱ-ի հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ն շատ դեպքերում կրկնում է ՀՀՇ-ի մարտավարությունը, որն ուղղված է իշխանավորի կարգավիճակը հավերժացնելուն:
«Մենք միշտ՝ 90-ական թվականներից սկսած, կասկածում էինք, որ իշխանավորները ցանկանում են պահպանել իրենց իշխանությունը՝ ապահովելով վերարտադրություն, եւ հիմնականում միշտ էլ հիմնավորված էին կասկածները: Հիշում եմ, որ նախկին իշխող կուսակցությունը՝ ՀՀՇ-ն, նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը ոչ միայն հույս էին փայփայել, այլ ամեն ինչ էին արել, որ դա լինի: Եվ հենց մեր Սահմանադրությունը, որն ընդունված է 1995 թվականին, ներքուստ, իր բովանդակությամբ ապահովում է նման միտում՝ հավերժացնել ՀՀՇ-ի իշխանությունը: Դեռ այն ժամանակ խոսակցություն էր բարձրացվել, որ սահմանադրությունը եղել է ընդունված՝ կեղծիքներով: Մենք հիշում ենք նաեւ, որ երկրորդ նախագահը՝ Քոչարյանը, հրաժարվեց սահմանադրությունը չեղյալ հայտարարել եւ բավարարվեց միայն փոփոխություններով, եւ Սահմանադրությունը շարունակում է գործել: Այս Սահմանադրությունը 95 թվականից ժողովուրդն այդպես էլ կոչում էր՝ Լեւոնական սահմանադրություն»:

Քաղաքագետը կողմ է, որ չշտապի որեւէ կողմ՝ եւ՛ հասարակությունը, եւ՛ քաղաքական ուժերը մանրամասն ուսումնասիրեն առաջարկվող դրույթները, հասկանան՝ ինչ կերպ այն կգործածվի իրականության մեջ եւ ինչ հետեւանքներ կունենա:
«Որովհետեւ գուցե գրված լինի շատ անմեղ ինչ-որ մի դրույթ, օրինակ՝ կուսակցություններից մեկն անպայման պետք է խորհրդարանում ունենա մեծամասնություն, եւ եթե մեծամասնություն չի ձեւավորվի, ապա անպայման պետք է լինի քվեարկության երկրորդ փուլը եւ այլն: Առաջին հայացքից ոչ մի վտանգավոր բան: Բայց իմանալով մեր իրականությունը` սկսում ենք խորը մտածել՝ մեզ պե՞տք է նման բան, գուցե անփոփո՞խ թողնենք Սահմանադրությունը, որովհետեւ եթե անփոփոխ թողնես ինչ որ կա եւ պատկերացնես, որ չկա վարչական ռեսուրս, չկա միջամտություն քվեարկության մեջ, ապա ի՞նչ վատ դրույթներ են որ, նորմալ դրույթներ են»:
Սերգեյ Շաքարյանցը հրապարակված նախագծում հատկապես ուշագրավ է համարում խորհրդարանի ձեւավորման եւ նախագահի ինստիտուտին առնչվող դրույթները:
Հանրապետության նախագահին և նրա լիազորություններին առնչվող գլխում նշված է՝ առաջարկվում է, որպեսզի նախագահն ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։
Սերգեյ Շաքարյանց
Սերգեյ Շաքարյանց
«Բայց կներեք, իմանալով մեր իրականությունը, 4-5 տարի դժվար ենք դիմանում, որովհետեւ այնքան լուրջ խնդիրներ են լինում, բա 7 տարին ո՞նց ենք դիմանալու: Հասկացանք, էլի՞ Լեւոնի պես արտագրում են ֆրանսիական սահմանադրությունը, բայց ֆրանսիական սահմանադրությունը մի քիչ ավելի ժողովրդավարական է, այնուամենայնիվ թույլատրվում է երկրորդ անգամ դնել թեկնածություն: Մեզ մոտ, չգիտես ինչու, դա զիջում է համարվում ընդդիմությանը, ասում են` չէ, մի անգամ, բայց 7 տարի: Լավ, ենթադրենք 7 տարի, բայց այդ փոփոխությունները չեն նախատեսում ինչ-որ մի կետ, ըստ որի մենք կարող ենք պահանջել, ենթադրենք, արտահերթ ընտրություններ: Կամ եթե նորմալ մարդ է, ինչո՞ւ պետք է նրան զրկես 2 անգամ թեկնածություն դնելու իրավունքից: Հաջորդը՝ 7 տարին մեծ ժամկետ է, եւ նախագահը կարող է այդ ընթացքում պատրաստի իր թագաժառանգին եւ ապահովի իշխանության վերարտադրություն: 7 տարվա ընթացքում հանգիստ, առաջին օրվանից աճեցնում է նրան, ով պետք է իրականում շարունակի կառավարել, եւ ինքը ստվերում մնալով` այդ մարդու ձեռքերով շարունակի իշխել երկրում»,- նշում է Շաքարյանցը:
Պարտադիր չէ կիրառել եվրոպական կառավարման մոդել, եթե այն չի համապատասխանում տվյալ երկրին եւ ժողովրդին: Օրինակ է բերում հարեւան Իրանի փորձը.
«Այնտեղ վարչապետի պաշտոն ընդհանրապես չկա Սահմանադրության մեջ: Պետք է ուսումնասիրել, մեր հարեւան երկիրն է, վատ էլ երկիր չէ: Ըստ սահմանադրության` երկրի առաջնորդը նույնիսկ նախագահ չէ, այլ հոգեւոր առաջնորդ: Կա նաեւ նախագահ, որը փաստացի կատարում է վարչապետի պարտականությունները, բայց նա ընտրվում է, այլ ոչ թե նշանակվում: Տեսեք, թե ինչ աստիճանի է ժողովրդավարությունը հասել հարեւան երկրում: Վարչապետին են ընտրում եւ ընտրում են ոչ թե ըստ կուսակցությունների կամ դաշինքների, այլ ըստ ծրագրի: Ուզում եմ ասել՝ կան մոդելներ, որոնք իրոք կիրառելի են նաեւ Հայաստանի համար, որովհետեւ վերջիվերջո բոլորովին պարտադիր չէ, որ մենք ունենանք եվրոպական կառուցվածք, որը չի համապատասխանում մեր հասարակական ավանդույթներին»:
Ըստ ԳԱԼԱ-ի զրուցակցի` ժողովուրդը հոգնել է արդեն այդ ամենից եւ իրեն շատ ավելի լավ կզգա առանց այդ փոփոխությունների: Սերգեյ Շաքարյանցը խորհուրդ է տալիս ՀՀԿ-ականներին հնարավորինս քիչ հենվել այլ երկրների փորձերի վրա.
«ՀՀԿ-ից հնչում է, թե սա շատ ժողովրդավարական համակարգ է, իտալական, եսիմինչական փորձ է, մի քիչ ծիծաղելի է… Սկզբից պետք է ժողովրդի կյանքը, որակը հասցնեն իտալական ստանդարտին, հետո ասել՝ քաղաքականապես փորձում ենք Իտալիային կամ Ֆրանսիային նմանվել: Այն էլ իմանալով, որ նույն խեղճ Իտալիայում նույն սահմանադրությունը բնավ խոչընդոտ չի ծառայում, հակառակը, նույնիսկ օգնում է, որ անընդհատ լինեն կառավարական ճգնաժամեր, փոխել կառավարությունը Իտալիայում շատ հեշտ է, Հայաստանում դե գնա փորձի: 7 տարի պետք է հանդուրժես»:
Արմենուհի Վարդանյան

 

Комментариев нет:

Отправить комментарий