воскресенье, 19 июля 2015 г.

18.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Գնում ենք անորոշության… գուցե Հայաստանի համար կործանարար լինի

ՀՀ մի խումբ փաստաբաններ կուսումնասիրեն սահմանադրության փոփոխությունների հրապարակված նախագիծը, որից հետո գրավոր իրենց տեսակետը կհայտնեն: Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրեց իրավաբան Գեւորգ Գյոզալյանը:

Նախ կա անհրաժեշտություն հասարակությանը բացատրել ներկայացված դրույթները, մատչելի ձեւով բացատրել իշխանությունների առաջարկը եւ օբյեկտիվորեն հասկանալ՝ մեզ պե՞տք են այդ փոփոխությունները, թե՞ ոչ: Այն, ինչ փաստաբանը հասցրել է ուսումնասիրել այս ընթացքում, կարծիք է կազմել, որ օրինակ մարդու իրավունքների գլխում շատ բան չի փոխվել. «Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: Նոր բան իրենք չեն առաջարկում: Եթե բառերի փոփոխություն է եղել, իմաստային առումով մի քիչ ավելի շատ են շարադրել, քան առկա է գործող Սահմանադրության մեջ, դրանից բովանդակային շատ բան չի փոխվել: Նույնը աղմուկ հանած նախագծի՝ կյանքի իրավունքի հետ կապված, որեւէ բան չի փոխվել, ուղղակի ավելացվել է ՄԻԵԿ-ի 2-րդ հոդվածի 2-րդ կետը: Եթե դուք նայեք այսօրվա տեքստը եւ առաջարկվողը, կտեսնեք, որ բովանդակային առումով գրեթե նույնն է: Թերեւս փորձել են ավելի մատչելի դարձնել, ավելի պարզեցնել»,- ասում է Գեւորգ Գյոզալյանը:
Նա համեմատություն է արել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրության հետ, եւ ստացած տպավորությունն այնպիսին է, որ արտագրվել է հենց գերմանական Սահմանադրության որոշ դրույթներ: Օրինակ է բերում՝ ընտրիչների ինստիտուտը, մարդու իրավունքի հետ կապված դրույթները, նախագահին և նրա լիազորություններին առնչվող դրույթները շատ նման են Գերմանիայի Սահմանադրությանը:

Գեւորգ Գյոզալյան
Գեւորգ Գյոզալյան
«Դա թերեւս պատահական չէ, որովհետեւ այդ հանձնաժողովի անդամներից առնվազն երկուսը գերմանական իրավունքի մասնագետներ են, և հայկական իրականության մեջ շատ է պատահում, որ մենք միշտ արտագրում ենք ինչ-որ մի տեղից»:
Ընդհանուր առմամբ, փաստաբանի կարծիքով, արդյունավետ չէ հաճախակի փոփոխության ենթարկել երկրի սահմանադրությունը, առավել եւս, որ դրանից որեւէ բան չի փոխվում:
«Որպես իրավաբան կարծում եմ, որ սա ուղղակի խայտառակություն է: Երկիր, որտեղ խոսվում է ընտրակեղծիքների մասին, եւ դա ակնհայտ փաստ է, որտեղ ընտրակաշառք են բաժանում եւ այլն, այդ երկրում չի կարելի տասը տարին մեկ Սահմանադրություն փոխել: 1995-ին ընդունեցինք Սահմանադրությունը, 2005-ին փոխեցինք, 2015-ին փոփոխում ենք: Սա շատ վատ մշակույթ կարող է դառնալ, որովհետեւ 2025-ին կարող է էլի ինչ-որ բան փոխվի, եւ կրկին Սահմանադրություն փոխենք: Տեսեք, ԱՄՆ-ի սահմանադրությունն ընդունվել է 1787 թվականին, բայց շատ քիչ են փոփոխություններ արվել: Բացի այդ, ամենամեծ սխալն է, որ Սահմանադրությունը փաթեթով բերում ժողովրդին հրամցնում են, ասում են՝ սա փաթեթն է, գրեթե ամբողջությամբ փոխել ենք, ժամանակը քիչ է, մինչեւ նոյեմբեր փորձում են հասցնել: Սա շատ սխալ է, եթե ես երկու հոդվածի հետ համաձայն եմ, մնացածի հետ համաձայն չեմ, ի՞նչ անեմ, կամ հակառակը: Սահմանադրությունները սովորաբար փաթեթով էլ չեն փոխում, այլ հոդված առ հոդված կարելի է բերել եւ ասել, թե ինչ եւ ինչու են փոխում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց Գեւորգ Գյոզալյանը:
Կան կարծիքներ, որ եթե փոփոխված նախագծում մի շարք դրույթներ դրվեն մի կողմ՝ դատական համակարգ, մարդու իրավունքներ եւ այլն, ապա պարզ կդառնա, որ սահմանադրական փոփոխությունների այս ամբողջ թոհուբոհն առնչվում է միայն կառավարման համակարգի փոփոխությանը, եւ որ իշխանությունների խնդիրը վերարտադրվելն է: Այս կարծիքի հետ համամիտ է փաստաբանը:
«Ակնհայտ է, որ միայն ցանկանում են փոխել կառավարման համակարգ: Միայն դրան է միտված, իսկ մնացածը կարծես երկրորդական է: Նույն դատական իշխանության հետ կապված ի՞նչ է փոխվում: Ասում են՝ արդարադատության խորհրդի անունը եկեք փոխենք, դարձնենք բարձրագույն դատական խորհուրդ: Արդարադատության խորհրդի անդամներից հինգին Ազգային ժողովն է ընտրում, մյուս հինգին նշանակում են դատավորները: Ի՞նչ է դրանից փոխվելու: ՀՀԿ-ն այսօր ԱԺ-ում ունի գերակշիռ մեծամասնություն, դատական իշխանությունն այսօր ամբողջությամբ կախված է գործադիր իշխանությունից, գործադիր իշխանության մեջ մեծամասնությունը ՀՀԿ ներկայացուցիչներն են: Եթե ՀՀԿ-ն ուզենա, դատական իշխանության հետ կապված խնդիրները կարող է շատ հանգիստ լուծել, կարող է արդարադատության խորհրդին պատվեր տալ, եւ վայրկենական կարող է իրադրություն փոխվի: Լավ, նոր փոփոխություններով ի՞նչ է նախատեսվում, ի՞նչ երաշխիքներ կան: Պատգամավորները նորից ընտրում են բարձրագույն դատական խորհրդի անդամներից հինգին, նորից նույն սկզբունքներով: Այսինքն, եթե այս ամբողջը հանենք, տակը կմնա միայն կառավարման համակարգը, ուղղակի ուզում են նախագահական ինստիտուտից գնալ խորհրդարանական կառավարման համակարգ»:
Սահմանադրությունը փոխելու համար պետք է հստակ բացատրություն՝ ինչո՞ւ է անհրաժեշտ անցում կատարել խորհրդարանական համակարգի: Փաստաբանի խոսքերով՝ նույն Գերմանիայում երկրորդ աշխարհամարտից հետո ակնհայտորեն առաջացել է անհրաժեշտությունը փոխել կառավարման համակարգը, իսկ Հայաստանում չհիմնավորված անցումը կարող է հանգեցնել ցնցումների, որին մեր երկիրը պատրաստ չէ: Հայաստանն այսօր այն վիճակում չէ, որ փորձարկումներ արվեն, այն էլ՝ կառավարման համակարգ փոխելու ճանապարհով:
«Ես տեսնում եմ սուբյեկտիվ շահ, հիմա հանձնաժողովի խնդիրը ո՞րն է, որ կարողանա ժողովրդին համոզի, որ գիտե՞ք, չէ՞, այստեղ սուբյեկտիվ շահ չկա, օբյեկտիվ շահ է: Մարդիկ ակնհայտ ուզում են վերարտադրվել, այստեղ խոսք չկա, նախագահն ուզում է վարչապետի ձեւով, արդեն առանց որեւէ սահմանափակման կառավարել: Թեեւ Դավիթ Հարությունյանի հայտարարությունն  ինձ հաճելիորեն զարմացրեց, որ Սերժ Սարգսյանը ոչ վարչապետի, ոչ ԱԺ նախագահի պաշտոնը չի զբաղեցնելու: Սա ինձ համար նորություն էր, եւ անկեղծ ասած՝ հակված եմ հավատալու, թեեւ հասկանում եմ՝ կարող է փոխվել ինչ-որ բան: Իսկ կառավարման համակարգ փոխել պատերազմական երկրում, ընդ որում՝ ասիական մտածելակերպ ունեցող, շատ վտանգավոր է: Գուցե Հայաստանի համար դա կործանարար լինի, եւ պատմությունը հետո հետ չենք բերի: Ես չգիտեմ ինչ կլինի, գնում ենք անորոշության, անգամ մեր մենթալիտետի մեջ չկա այդ մշակույթը»:
Արմենուհի Վարդանյան

 

Комментариев нет:

Отправить комментарий