понедельник, 20 июля 2015 г.

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Հրանտ Բագրատյանի. ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը մեզ համար անընդունելի է aravot.am

Հրանտ Բագրատյանի. ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը մեզ համար անընդունելի է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հրապարակվել է ՀՀ Սահմանադրության նախագիծը։ Այն մեզ համար անընդունելի է հետևյալ սկզբունքային պատճառաբանությամբ. – Երկրի ժողովրդական կառավարման հիմքը գլխավոր հակակշռի սկզբունքն է. կամ առնվազն 2 մարմին պետք է ունենան առաջնային մանդատ (մի կողմից, նախագահ կամ վարչապետ, մյուս կողմից ԱԺ) կամ էլ (պառլամենտական կառավարման պարագայում) ԱԺ-ն պետք է երկպալատանի լինի։


Նախագծով սկզբունքը խախտված է։ Ավելին, ԱԺ-ն էլ առաջնային մանդատ չունի։ Կայուն մեծամասնություն ունենալու հակաժողովրդական թեզի ներքո ներմուծված է անհասկանալի և ոչ մի տեղ գոյություն չունեցող ԱԺ կրկնակի ընտրության ինստիտուտ։ Դրանով այս փաստաթուղթը ժողովրդական պետության Սահմանադրություն չէ, ինչը «հռչակված է» առաջին հոդվածում։ – Պառլամենտական հանրապետությունը չի ստացվել. էլի ԱԺ-ն օրենքներ է ընդունում, իսկ գործադիրը ենթաօրենսդրական ակտեր։ Մինչդեռ պառլամենտական հանրապետությունում գործադիրը պետք է միայն օժտված լինի կիրառական ակտերի գործառույթով, իսկ ենթաօրենսդրական ակտերը մեծ մասամբ դառնան օրենքներ կամ էլ ընդունվեն ԱԺ հանձնաժողովների հետ համատեղ։։ ԱԺ օրենսդրական կարողությունը, այսպիսով, պետք է ավելանա 7-8 անգամ։ Մինչդեռ ԱԺ ներքին բարեփոխում չի նախատեսվում։ Նույնիսկ հանձնաժողովների քանակն է նույնը (12 շուրջ 30-ի փոխարեն)։ Բացի այդ, ՀՀ Նախագահի ինստիտուտը կա և նա նորից 90%-ով իրականացնում է այն բոլոր գործառույթները, ինչ որ անում է հիմա։ Միայն թե Նախագահին քաղաքական մեծամասնությունն է ընտրում, ոչ ժողովուրդը։ Այսինքն, Նախագահը ժողովրդի առաջ ոչ մի պատասխանատվություն չունի, չնայած անելու է նույն գործը։ – Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները, չնայած խոստումներին, երկրորդվել են հանրային շահի, հասարակական կարգի և պետական կարգի պահանջներին։ Մինչդեռ Սահմանադրությունը չի սահմանել դրանց իրավական, սոցիալական և տնտեսական բովանդակությունը։ Արդյունքում ստացվել է վակխանալիա, չնայած Հայեցակարգում արված խոստումներին։ Ավելին, բացարձակ անհրաժեշտության դեպքում մարդուն կարող են կյանքից զրկել։ Եվ սա այն դեպքում, երբ ձևականորեն մահապատիժն արգելված է։ – Սահմանադրության նախագծի մշակմանը չեն մասնակցել արհեստավարժ ու բարձրակարգ տնտեսագետներ, սոցիոլոգներ։ Արդյունքում սոցիալական, տնտեսական և մշակույթային օրենսդրական երաշխիքներ գլխում տեսնում ենք խրթին արտահայտություններ, սխալ շարադրանք, երկրի տնտեսական կյանքը արգելափակող ձևակերպումներ։ – Բացարձակապես չի ստացվել դատական համակարգը։ Հայեցակարգում խոստացած անկախ դատական համակարգը չկա։ Ավելի վատ է, քան ներկա Սահմանադրությամբ գործող համակարգը։ Այսպես, ներկայումս Դատավորների նշանակում է ՀՀ Նախագահը։ Վերջինս կարող է չլինել քաղաքական մեծամասնությունից։ Նոր Սահմանադրության նախագծով նախատեսված է, որ դատավորներն էլի նշանակվում են ՀՀ Նախագահի կողմից, որին ընտրում է քաղաքական մեծամասնությունը։ Այսինքն, դատավորների անկախությունը նոր նախագծով 2 անգամ ցածր է, քան կար։ Հայեցակարգով խոստացված երդվյալ ատենակալների ինստիտուտն այդպես էլ չի քննարկվել։ – Սահմանադրության նախագծի հեղինակներն ի վիճակի չեն եղել աշխատել հստակ ու միասնական մեթոդաբանությամբ։ Մի տեղ դետալներ ես տեսնում (օրինակ, ՀՀ Նախագահի պարագայում), մեկ այլ տեղ սոսկ ասվում է, թե կարգավորվում է օրենքով (օրինակ, աշխատանքային շաբաթի տևողությունը) Նրանց, ում հետաքրքրում են նոր նախագծի հետ կապված մյուս դետալները (առայժմ միայն առաջին 7 գլուխների մասով), խորհուրդ եմ տալիս կարդալ ստորև շարադրած դիտողությունները։ Դիտողություններ 1. Ներածություն – Փոխել Հայաստանի Հանրապետության անունը՝ Արմենիա Հանրապետություն։ 2. Հոդված 5. Գրվում է ենթաօրենսդրական ակտերի Սահմանադրությանը համապատասխանելու մասին, առանց նշելու, թե ի՞նչ է ենթաօրենսդրական ակտը։ 3. Հոդված 6, 2։ «Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին»։ Այստեղ ևեթ անմիջապես պետք է նշվի, թե ի՞նչ է իրավական որոշակիությունը։ 4. Հոդված 10։ Կրկնվում և էլ ավելի է խորացվում գործող Սահմանադրության սխալը՝ դեկլարատիվ արտահայտություն՝ ՀՀ տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է։ 5. Հոդված 23, մաս 2-րդ։ Անհեթեթ է «Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է», եթե այստեղ ևեթ մինչև վերջ չեն նկարագրված այդ բացարձակ անհրաժեշտության բոլոր դեպքերը։ 6. Հոդված 24-ի առաջին մասը հակասում է հոդված 23-ի 1-ին և 3-րդ մասերին։ 7. Ավելորդ է հոդված 28-ի երկրորդ մասը։ 8. Հոդված 29-ը հակասում է հոդված 17-ին. եթե չկա խտրականություն, ապա ի՞նչու ենք առանձնացնում Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին։ 9. Հոդված 30-ի երկրորդ մասը կամ պետք է հանվի կամ էլ պետք է շատ կոնկրետ շարադրվեն մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանափակման դեպքերը։ Չի կարելի ընդհանուր ձևով նշել, օրինակ, տնտեսական բարեկեցության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման ընդհանուր դեպքեր։ Սա տանում է իշխանության չարաշահման և ժողովրդավարության կազմալուծման։ 10. Հոդված 34-ի 2-րդ մասը կամ պետք է հանվի կամ էլ կոնկրետացվի հանրային շահ հասկացությունը. ի՞նչ է դա և ո՞վ է սահմանում։ 11. Հոդված 37-ը սխալ է շարադրած։ Հոդվածի բոլոր 3 մասերը հակասում են կրթության բոլոնյան համակարգի ստանդարտներին։ 12. Հոդված 40-ի 2-րդ մասը խմբագրել։ 13. Հոդված 41-ի 3-րդ մասը խմբագրել։ 14. Հոդված 43-ի 3-րդ մասը խմբագրել։ 15. Հոդված 44-ի 4-րդ մասը խմբագրել։ 16. Հոդված 45-ի 4-րդ մասի վերջին նախադասությունը հանել։ 17. Հոդված 56-ի 2-րդ մասը կամ հանել կամ խմբագրել։ 18. Իմաստազուրկ է 57-ի 3-րդ մասը։ Նորից անհասկանալի են «հանրային շահը» և հասարակական կարգ արտահայտությունները։ Սրանք Սահմանադրության նախագծում այս պահին արդեն օգտագործվում են 14-րդ անգամ։ Մենաշնորհը աշխարհում ոչ մի տեղ հանրային շահ չի պաշտպանել ու չի կարող պաշտպանել։ Մենաշնորհի համար կարող են լինել բնական և ռազմա-քաղաքական պատճառներ։ 19. 58-րդ հոդվածի 6-րդ մասը պետք է հանել, եթե մենք ուզում ենք, որ հայերը վերադառնան Արևմտյան Հայաստան և հողեր ստանան։ 20. 61-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է խմբագրել։ Նորից հասարակական շահ։ 21. 3-րդ գլխի (սոցիալական, տնտեսական և մշակույթային ոլորտներում օրենսդրական երաշխիքները) սկզբի հատվածը պարզապես չի ստացվել։ Օրինակ, ի՞նչ է նշանակում 85-րդ հոդվածի 1-ին մասի այսպիսի նախադասությունը՝ “օրենքը սահմանում է յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքը”։ Անիմաստ միտք է։ 22. 85-րդ հոդված։ Հիմնական և ոչ հիմնական բժշկական ծառայություններ չկան։ 23. 86-րդ հոդվածի 1-ին մասով բնակչության զբաղվածության խթանումը սխալ միտք է։ Նման է սոցիալիզմի հիմնական օրենքին։ 24. Հոդված 89։ Ինչպես թե ԱԺ կազմված է առնվազն 101 պատգամավորից։ Այս թիվը չսահմանելը պարզապես վակխանալիա է։ 25. Հոդված 89-ը, որով կարգավորվում են ԱԺ ընտրությունները, այն ԱԺ-ն որը պետք է լինի պառլամենտական հանրապետության հիմքը, այդ ընտրությունները այդպես էլ չի սահմանում։ Այդ ամենը թողնվում է ընտրակարգի հիման վրա։ Խոսվում է ինչ-որ կայուն մեծամասնության մասին, երկրորդ փուլի մասին, որն արդեն անցկացվում է 2 կուսակցությունների միջև։ Պարզ չէ, թե կուսակցությունների առաջին փուլում հավաքած ձայներն ինչ են լինում։ Սա աննախադեպ, անհեթեթ “մեխանիզմ” է։ Սա նշանակում է, որ ընդդիմություն այլևս չի լինելու։ Այսպես կոչված երկրորդ կուսակցությունը նույնպես լինելու է իշխանություն, բայց կոչվելու ընդդիմություն։ Ըստ էության առաջնային մանդատ ունեցող միակ մարմնի՝ ԱԺ-ի ընտրությունները ֆարսի են վերացված, չեն լինելու։ Նոր Սահմանադրությամբ ընտրողի ձայնը էռոզիայի է ենթարկվել։ Որպիսիով իշխանությունն ուզուրպացվում է և փոփոխության ենթակա չէ։ Հատկանշական է, որ Հայեցակարգում նոր Սահմանադրության նախագծի հեղինակները խոսում էին քաղաքական մենիշխանության հաղթահարման մասին։ Իսկ այստեղ առանց ամաչելու դնում են կայուն պառլամենտական մեծամասնություն ունենալու հարցը։ 26. 89-ի 5-րդ կետով կուսակցությունները ներկայացնում են կառավարության ծրագրի հիմնադրույթներ։ Ի՞նչքան, ի՞նչ չափով։ Ո՞վ է հսկելու, եթե դրանք չեն կատարվում։ Ի՞նչ գործ ունի նման ռոմանտիկ շարադրանքը Սահմանադրության մեջ՝ անհասկանալի է։ 27. Եթե գնում ենք պառլամենտական հանրապետության, ապա ի՞նչու են 93-րդ հոդվածով ԱԺ հերթական կամ արտահերթ ընտրությունները նշանակվում Նախագահի հրամանագրով։ 28. 104-ի 1-ին մասի վերջում կարդում ենք. տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված պատգամավորը։ Բայց 89-ի 4-րդ մասով հավանական է և հնարավոր է մեկ ընդդիմադիր կուսակցություն և խմբակցություն։ Հիմա այդ խմբակցությունները ո՞րտեղից վերցրիք։ 29. Հոդված 104, մաս 3-րդ։ Ի՞նչ բան է ԱԺ խորհուրդը։ Ի՞նչի համար է այն։ 30. 115-րդ հոդվածով ի՞նչու պետք է անվստահություն հայտնելը ուղեկցվի նոր վարչապետի թեկնածությամբ։ Մասնավորապես, ընդդիմությունը պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ով ներկայացնում է անվստահություն։ Բայց նա չի կարող նոր վարչապետ մեյդան հանել, քանզի մեծամասնություն չունի։ Տարրական տրամաբանության բացակայություն։ 31. Ի՞նչ է նշանակում 116-րդ հոդվածի 5-րդ ենթակետը էական ֆինանսական պարտավորությունների մասով։ 32. Հանրապետության Նախագահին նվիրված գլուխը (21 հոդված) ամենամեծ բաժիններից մեկն է Սահմանադրության նախագծով։ Այն ավելի շատ է, քան կառավարության հատվածը (15 հոդված)։ Իրականում նախագահ կա, նա նշանակում է վարչապետին և կառավարության անդամներին, դատավորներին ընդունում է նրանց հրաժարականը, նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը, շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ, նշանակում է դեսպաններ և դիվանագետներ, պարգևատրում է շքանշաններով ու մեդալներով, շնորհում է բարձրագույն դասային աստիճաններ, ստորագրում է օրենքները, ցրում է ԱԺ-ն (և ոչ թե վարչապետը), ներում է շնորհում, քաղաքացիություն տալիս, նշանակում է դատավորներ, ընտրում է սահմանադրական դատարանի 3 անդամների, ընտրվում է 7 տարով, հատուկ օրենքով սահմանվում են նրա վարձատրության պայմանները և այլն (վարչապետի պարագայում նման բան չկա)։ Այո, որոշ դեպքերում պետք է լինի վարչապետի առաջարկը։ Բայց հիմա էլ է դա այդպես։ Ավելին, նախագծի հեղինակները մի բան էլ են մտածել. ՀՀ Նախագահը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ Դրա փոխարեն այժմ Նախագահը ընտրվում է ընտրիչների կողմից և չունի առաջնային մանդատ։ Այսինքն, նրան կարելի է հանել գործից, եթե խնդիրներ լինեն։ Բացի այդ, ընտրիչների ինստիտուտի առկայությունը թույլ է տալիս շրջանցել համաժողովրդական ընտրությունների ինստիտուտը, քանզի իշխող վարչախումբն անցողիկ թեկնածու չունի։ Ահա այսպիսի բաներ։ Այսպիսով, Նախագահ կա, նա ամենևին արարողակարգային չէ, այդ ամենը սուտ է, որը տարածվում է պրոիշխանական մամուլով։ 33. Հոդված 125։ Անհասկանալի է ՀՀ Նախագահի ընտրությունը ընտրիչների ժողովի կողմից։ Այսպես, պառլամենտական հանրապետության պարագայում Նախագահին պիտի ընտրի ԱԺ-ն, որն առաջնային մանդատ ունի։ Հիմա, սակայն, ստեղծվում է ընտրիչների ժողովի կողմից՝ պատգամավորներ + ՏԻՄ մարմինների կողմից ընտրված ներկայացուցիչներից։ Վերջիններս, սակայն, առաջնային մանդատ չունեն ամբողջ ժողովրդի կողմից։ Բացի այդ, ՏԻՄ մարմինների ընտրություններն արդեն կայացել են և գրեթե 100%-ով հաղթել են հանրապետականները։ Ստացվում է, որ իշխանություններն այս դեպքում ոչ թե եռակի, այլ քառակի ապահովագրություն են անում, որպեսզի ընդդիմությունը շանս չունենա։ 34. Հոդված 124։ Հանրապետության Նախագահի լիազորությունները սահմանված են 7 տարի։ Ի՞նչու։ Նրան ընտրող պատգամավորների ու ՏԻՄ ներկայացուցիչների լիազորությունը սոսկ 5 տարի է։ 35. Անհասկանալի է 128-138-րդ հոդվածներում Հանրապետության Նախագահի լիազորությունների մանրամասն թվարկումը, երբ մյուս դեպքերում (օրինակ, պատգամավորների թվաքանակը) ամեն ինչ հասցեագրված է համապատասխան օրենքին։ 36. Հոդված 138։ Անհասկանալի է Հանրապետության նախագահի կողմից հրամանագրեր ու կարգադրություններ ստորագրելու պարագան։ Բա ու՞ր մնաց պառլամենտական հանրապետությունը, օրենքի գերակայությունը։ Չէ՞ որ այս Սահմանադրության իմաստը պետք է կայանար նրանում, որ ԱԺ, Կառավարության և ՀՀ նախագահի իրավասությունները սահմանվում են հենց Սահմանադրությամբ։ Այլապես ստանում ենք կամայականության ու զոռբայության երկիր։ Չէ՞ որ նման հոդվածով մենք վերացնում ենք «հանրապետություն» եզրույթը։ 37. Հոդված 145։ Գրված է. կառավարությունն իրականացնում է պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարումը։ Ի՞նչու ընդհանուր։ Իսկ կոնկրետն ո՞վ է անում։ 38. Հոդված 148։ 1-ին և 2-րդ մասերն իրար հակասում են։ Նախ, ասվում է, որ Նախագահը նշանակում է ԱԺ-ում հաղթած մեծամասնության թեկնածուին։ Ըստ որում չի նշվում՝ իրավունքի ուժով։ Բայց հրաժարականի դեպքում ԱԺ նախագահը “պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա ” առաջադրում է վարչապետի թեկնածու։ Այդ վարչապետին ընտրում է ԱԺ-ն։ Հիմա ո՞վ է նշանակում վարչապետին։ Ի՞նչու 2-րդ դեպքում ևս ՀՀ Նախագահը չի նշանակում հաղթած կուսակցության ներկայացուցչին։ Պատասխան չկա։ 39. Հոդված 152։ Կառավարության անդամների կողմից ենթաօրենսդրական ակտերի ընդունումը վերացնում է պառլամենտարիզմը։ Նման ակտերով օրենքները ջրվում են։ 40. Ու՞ր մնացին մարդու հիմնարար իրավունքների մասին հայեցակարգային լոզունգները։ Ի՞նչպես են դրանք իրացվում։ Ավելին, պարզվում է մարդու կյանքի իրավունքը հիմնարար իրավունք չէ։ 41. Հոդված 172։ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամներից։ Սրանցից 5-ին ընտրում է ԱԺ-ն։ Նորից նույն պատմությունը։ Մեծամասնությունն ընտրում է իշխանության ճյուղ։ Բա ու՞ր մնացին դատական իշխանության անկախության մասին զրույցները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/07/20/594366/

© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Комментариев нет:

Отправить комментарий