понедельник, 20 июля 2015 г.

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Հովհաննես Սահակյան. «Սահմանադրությունը որոշ քաղաքական ուժեր դիտարկում են որպես սարի սմբուլ»

13:10 | Հուլիս 20 2015 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/07/20/594402/ © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Մի քանի օր առաջ հրապարակվեցին Սահմանադրության նախագծի որոշ գլուխներ: Այսօր «Դիալոգ» ակումբում այս առնչությամբ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը բացատրեց, թե ինչու պատգամավորների հստակ թիվ չեն նշել նոր փաստաթղթում: Նրա խոսքերով՝ «Երբ առաջին փուլում կլինեն քաղաքական ուժեր, որոնք կհավաքեն իքս ձայն, անկախ նրանից՝ կանցնեն երկրորդ փուլ, թե չեն անցնի, կունենան իրենց պատգամավորները: Մնացած 101 պատգամավորները պետք է հաշվի նստեն նաեւ այդ 5-10 պատգամավոր ունեցող քաղաքական ուժերի հետ»:


Թե ինչու է նոր Սահմանադրությունն ավելի լավը լինելու, քան գործողը՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «ԱԺ-ին էլ են մեղադրում, թե ինչու են այսքան հաճախ օրենքներ փոխվում: Հիմա մեր Սահմանադրությունը 10 տարի առաջ փոխվել է: Պահանջներ կային, որ անպայման լիներ 100 տոկոս համամասնական ընտրակարգ: Մենք էլ քննարկել ենք, ուսումնասիրել ենք եւ հասկացել ենք, որ լավ, եթե խնդիրը դրա մեջ է, այս պահին կարելի է անցնել նաեւ խորհրդարանական կառավարման ձեւի: Ընդդիմությունն ասում էր նաեւ՝ մեզ ամրագրված տվեք ԱԺ պաշտոններ՝ փոխխոսնակ: Չգիտեմ, մենք էլ ինչ պետք է անենք, որ մեր ընդդիմադիրները մի փոքր վստահություն ունենան եւ գնան ընտրության: Նրանց փոխարեն քարոզարշավ կազմակերպենք»: Aravot.am-ը հարցրեց՝ իշխանությանը քննադատում են, որ աշխարհաքաղաքական լուրջ խնդիրներ կան, իսկ դուք այսպես ասած «սարի սմբուլ» եք խաղում, ի՞նչ անհրաժեշտություն կար այս պահին Սահմանադրություն փոխել, եթե չկա սահմանադրական ճգնաժամ եւ չեք ուզում վերարտադրվել: Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Սահմանադրությունը որոշ քաղաքական ուժեր դիտարկում են որպես սարի սմբուլ: Սահմանադրությունը լուրջ փաստաթուղթ է եւ պետք է անցնենք բովանդակային քննարկման: Ամբողջ աշխարհը խնդիրների մեջ է: Մենք շրջափակման մեջ ենք, ի՞նչ անենք, ռազմական դրություն հայտարարենք, ասենք ոչ մի օրենք չե՞նք փոխում: Մեր ձգտումներն ազնիվ են: Ընդդիմադիրները 2009-ից մինչ այսօր ինչի մասին խոսել են, մենք գնացել ենք ընդառաջ: Իրենց գաղափարները փաստաթղթում զետեղված են»: Փաստաթուղթը որոշ հարցեր է առաջացրել նաեւ Հովհաննես Սահակյանի մոտ, օրինակ, կյանքից զրկելու մասին դրույթը: Հարցին՝ կա՞ հասարակական պահանջ՝ Սահմանադրական փոփոխություններ անելու՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ ընդդիմադիրները պետք է գնան իրենց ընտրազանգվածին ներկայացնեն, որ այն, ինչ իրենք պահանջում էին, հիմա իշխանություններն անում են: Դիտարկմանը, որ Դավիթ Հարությունյանը ասում է, որ վտանգավոր է, եթե բարեփոխված Սահմանադրությունը չընդունվի՝ Հովհաննես Սահակյանն այսպես մեկնաբանեց՝ «Այո, ժողովրդավարական առումով ՀՀ-ն կլինի վատ վիճակում»: Հովհաննես Սահակյանը վստահեցրեց, որ Սահմանադրությունը ՀՀԿ-ն չի ընդունելու, այլ ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով: Մեր հարցին՝ իսկ հանրաքվեն չի՞ կեղծվելու՝ Հովհաննես Սահակյանը վստահեցրեց՝ ոչ: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Комментариев нет:

Отправить комментарий