понедельник, 20 июля 2015 г.

20.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

11:37 20/07/2015 » Իրավունք

Եթե դատավորները բարեխիղճ կիրառեն նոր Սահմանադրությամբ տրվող հնարավորությունները panorama.am

Սահմանադրության նախագծով, Բարձրագույն դատական խորհուրդը, որը փոխարինելու է ներկայումս գործող Արդարադատության խորհրդին, կազմված է լինելու տասն անդամներից, որոնցից հինգին ընտրելու է Ազգային ժողովը, իսկ մյուս հինգին` դատավորների ընդհանուր ժողովը: Բարձրագույն դատական խորհրդի անդամները պաշտոնավարելու են 5 տարի և չեն կարող վերստին ընտրվել այդ պաշտոնում:

Բարձրագույն դատական խորհուրդը հաստատում է դատավորների թեկնածությունների և առաջխաղացման ցուցակները, ՀՀ նախագահին ներկայացնում է նշանակման ենթակա դատավորների թեկնածությունները, համապատասխան դատարանների դատավորների թվից ընտրում և ՀՀ նախագահին է ներկայացնում ենթակա դատարանների նախագահների թեկնածությունները, ՀՀ նախագահին ներկայացնում է առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածությունները, դատավորներին եթարկում է կարգապահական պատասխանատվության, դադարեցնում է առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների, ինչպես նաև վերաքննիչ դատարանների դատավորների լիազորությունները, եզրակացություն է տալիս Վճռաբեկ դատաչանի դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ: Դատավորներին պատասխանատվության ենթարկելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:


Առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների, ինչպես նաև վերաքննիչ դատարանների նախագահները նշանակվում են նախագահի կողմից, 3 տարի ժամկետով և չեն կարող վերստին նշանակվել նույն պաշտոնում:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը վստահ է Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգը նպաստելու է համակարգում խնդիրների վերացմանը:
«Դատարանների նախագահներին որոշակի ժամկետով նշանակելը հանգեցնելու է ներքին անկախության մեծացմանը, ինչն էլ իր հերթին նպաստելու է բացասական երևույթների վերացմանը»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Թովմասյանը:

Հարցին, թե ի՞նչ երաշխիքներ են ստեղծվում, որպեսզի դատավորը կամայականություններ չցուցաբերի, ինչպես, օրինակ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում է, երբ գործերի մեծ մասը մերժվում կամ վերադարձվում է, Թովմասյանն արձագանքեց, որ այդ երևույթը դատավորի կամայականության մասին չի վկայում, այլ` դատական սխալի:

«Դա կամայականություն չէ, այլ դատական սխալ, որը կարող է տարբեր հիմքեր ունենալ, օրինակ` դատավորը չի տիրապետում, ոչ թե կամայակություն է ցուցաբերել, ինքը կարծում է, որ ինքը ճիշտ է որոշել: Այս դեպքում մենք պետք է մտածենք, թե դատական կորպուսի ձևավորման համակարգում ինչ բացթողումներ ունենք, դատավորների վերապատրաստման գործում ի՞նչ խնդիրներ ունենք, ո՞նց անենք Վճռաբեկ դատարանում, որպես օրենքների միասնականությունն ապահովող մարմին, ի՞նչ մեխանիզմներ ունենք, որ այդքան թվով վերադարձվում են բողոքները և ինչո՞վ է դա պայմանավորված»,-ասաց նախկին նախարարը` նկատելով, որ ինքը վերլուծություն չի կատարել:
Նույն հարցի վերաբերյալ Հանձնաժողովի մեկ ուրիշ անդամ Վարդան Պողոսյանի դիտարկմամբ, Սահմանադրությունը չի կարող կյանքի բոլոր դեպքերը նկարագրել, չի կարող արգելել գործերը կամ բողոքները վերադարձնելը:

«Սահմանադրությունը չի կարող այնպիսի կանոններ սահմանել, որոնք կարող են լինել Դատական օրենսգրքի կանոնակարգումների առարկա: Մենք ելել ենք նրանից, որ եռաստիճան դատական համակարգը պետք է պահպանվի, մենք ելել ենք նրանից, որ Վճռաբեկ դատարանը պետք է Սահմանադրությամբ ամրագրված հստակ ֆունկցիաներ ունենա, ինչն էլ արել ենք: Վճռաբեկ դատարանը իր որոշումներով, վճիռներով պետք է նպաստի իրավունքի միասնական կիրառմանը և նաև լուծումներ տա իրավունքների հիմնարար խախտումների խնդրին: Երաշխիքներ տալ, որ այս նախագիծը կդառնա Սահմանադրություն և ամեն ինչ կփոխվի, որևէ մեկը չի կարող, բայց Սահմանադրությունը տալիս է այնպիսի դատավորի կարգավիճակ, դատավորի ներդատական անկախության հնարավորություններ, որոնք ողջամտորեն կարող են առիթ տալ ենթադրելու, որ բարեխիղճ կիրառման ժամանակ նման իրավիճակները ավելի քիչ կլինեն ու կարող են ընդհանրապես վերանալ: Երաշխիքներ չկան, կան խթաններ, որ այդ երևույթները չվերարտադրվեն»,-հավելեց սահմանադրագետը:

Նկատենք, որ հրապարակված առայժմ 2013 թվականի վիճակագրության համաձայն, Հայաստանի քաղաքացիական վերաքննիչ դատարանում ստացվել է 4569 գործ` ընդհանուր իրավասության դատարաններում ավարտված քաղաքացիական գործերի 14%-ը, որից 645 գործով (14,2%) բողոքները վերադարձվել են և կրկին չեն ներկայացվել, 3794 (83%) գործով բողոքներն ընդունվել են վարույթ, 130 (2,8%) գործով բողոքները մակագրվել են, որոնց վերաբերյալ դատարանը վիճակագրության հրապարակման պահին դիրքորոշում չէր հայտնել:

Վարույթ ընդունված 3794 բողոքներից` 2034 գործով (վարույթ ընդունված գործերի 53,6%) բողոքները մերժվել են, 506 գործով (13,3%) դատական ակտն ամբողջությամբ բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության, 181 գործով (4,8%) դատական ակտը մասնակի բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության, 52 գործով (1,4%) դատական ակտը բեկանվել և կարճվել է, 263 գործով (6,9%) դատական ակտը բեկանվել և փոփոխվել է, 17 գործով (0,5%) դատական ակտը բեկանվել և թողնվել է առանց քննության, 162 գործով (4,3%) միջանկյալ ակտը վերացվել է, 58 գործով (1,5%) վերաքննիչ վարույթը կարճվել է, 521 գործ (13,7%) վիճակագրության հրապարակման պահին անավարտ է եղել:

Комментариев нет:

Отправить комментарий