Ասել էր նաեւ՝ Ստեփանակերտ-Երևան չվերթի առաջին ուղևորն է լինելու. Սահմանադրական փոփոխություններից հետո ի՞նչ պաշտոն է ունենալու Ս. Սարգսյանը
-Դավիթ, դուք՝ որպես «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ի՞նչ կարծիք ունեք նոր Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի հրապարակված նախնական տարբերակի վերաբերյալ:
-Հրապարակված տարբերակը հաստատեց մեր պնդումներն այն մասին, որ սա Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության հավերժացման ծրագիր է` քողարկված սահմանադրական բարեփոխումների շղարշի տակ: Իրենց իշխանության վերարտադրման ու հավերժացման համար ոչ մի անհեթեթության առջև չեն կանգնել. օրինակ գրել են` եթե մի քաղաքական ուժի չի հաջողվում կայուն մեծամասնություն ձևավորել խորհրդարանում, անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ: Նման պրակտիկա ես ոչ մի երկրում չեմ հիշում, լավ է չեն գրել` անցկացվում է այնքան փուլ, մինչև Հանրապետական կուսակցությունը լիակատար մեծամասնություն ունենա ԱԺ-ում:
-Գերիշխող է այն կարծիքը, որ սա իշխանության վերարտադրության սահմանադրություն է, ոչ ավելին: Սակայն դարձյալ երաշխավորում են, թե Սերժ Սարգսյանն իշխանության չի ձգտում, նա ոչ վարչապետ, ոչ նախագահ, ոչ էլ ԱԺ նախագահ կլինի:
-Իսկ ես ձեզ հարյուր օրինակ կարող եմ բերել, երբ Սերժ Սարգսյանը մի բան է ասում ու կամ չի անում, կամ հակառակն է անում: Ընդհանրապես սովորաբար հենց այդպես էլ լինում է` կոնկրետ ժամկետներ էր նշում, թե երբ է կառուցվելու հայ-իրանական երկաթուղին, նոր ատոմակայանը, տարածաշրջանային կենտրոններ էր ստեղծում, Ստեփանակերտ-Երևան չվերթի առաջին ուղևորն էր լինում, եվրաասոցացման համաձայնագիր էր ստորագրում և այդպես շարունակ: Սերժ Սարգսյանը լիովին արժեզրկել է նախագահի խոսք հասկացությունը, այնպես որ, նրա որևէ խոստման պետք չէ լուրջ վերաբերվել, առավել ևս երբ նա ինչ-որ բան ասում է իր խոսնակների միջոցով:
Բացի այդ, այն համակարգը, որն իրենք ուզում են ստեղծել այս նախագծով և որի անունը դրել են խորհրդարանական համակարգ, բայց այն ավելի շուտ բոլշևիկյան համակարգին մոտ մի բան է, բոլորովին չի պարտադրում ֆորմալ առումով որևէ պաշտոն զբաղեցնել իրական իշխանությունը ձեռքում պահելու համար: Մենք դրա օրինակներն ունենք խորհրդային իրականությունից. Ստալինը երկար ժամանակ իշխում էր ԽՍՀՄ-ում՝ չունենալով որևէ ֆորմալ կարգավիճակ:
-Հրապարակված նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ քաղաքական ուժերի մեծամասնությունն առայժմ խուսափում է կարծիք հայտնել, եւ հատկապես իրենց ընդդիմադիր համարող ուժերը, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ:
-Բոլոր խորհրդարանական ուժերը, բացի մեկից, հայտարարել են, որ իրենք դեմ են այս պահին սահմանադրության կամ կառավարման համակարգի փոփոխությանը: Հայ Ազգային Կոնգրեսն արդեն հայտարարել է փոփոխությունների դեմ միասնական ֆորմատի ձևավորման և, այսպես կոչված, «ոչ»-ի շարժման ձևավորման անհրաժեշտության մասին: Ես կարծում եմ, որ մյուս քաղաքական ուժերը, եթե չեն ցանկանում փչանալ և վերջնականապես զրկվել քաղաքացիների աջակցությունից, կմիանան այս շարժմանը: Սա այն հարցն է, որ չեն կարող լինել միջանկյալ դիրքորոշումներ, այն ուժերը, որոնք սա չեն դարձնի իրենց թիվ մեկ օրակարգային հարցը և ամբողջ ուժերով չեն պայքարի սրա դեմ, կամա թե ակամա խաղում են իշխանության խաղը և ծառայում են Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման ծրագրին: Ավելին` ես չեմ բացառում, որ նույնիսկ այն ուժերը, որոնք ի սկզբանե դրական էին արտահայտվում փոփոխությունների օգտին, այս նախագծի հրապարակումից հետո կարող են փոխել իրենց դիրքորոշումը, որովհետև կարող են հասկանալ, որ այս ընտրությունների երկրորդ փուլով և միայն երկու ուժից ձևավորված խորհրդարան ունենալու մտադրությամբ Սերժ Սարգսյանն ուղղակի իրենց քցում է: Դրանով եմ բացատրում այս պահի նրանց լռությունը:
-Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը, ի՞նչ պայքար է իրականացվելու:
-Այս իշխանությունը միայն մի բանի առջև է ընկրկում. ոչ մի մասնագիտական վերլուծություն, արժեքավոր գնահատական, հիմնավորված քննադատություն, միջազգային արձագանք կամ ֆեյսբուքյան ստատուսների շարք չի կարող ստիպել իշխանությանը ետ կանգնել վերարտադրման իր ծրագրից, դա կարող է անել միայն փողոցը, տասնյակ կամ հարյուր հազարավոր մարդկանցով լցված հրապարակը: Ընդամենը մի քանի օր առաջ դուք տեսաք, թե ինչ զիջումների է պատրաստ ռեժիմը, երբ ընդամենը մի քանի հազար երիտասարդ մի քանի օրով փակեց Բաղրամյան պողոտան, դե հիմա պատկերացրեք՝ ինչ կլինի, երբ փողոցում կլինեն հարյուր հազարավոր մարդիկ, քաղաքական ուժերը, բոլոր ակտիվ կազմակերպությունները:
-Իսկ ինչպիսի՞ն է հասարակության տրամադրվածությունը, կարծում եք պատրա՞ստ են պայքարի:
-Այն, որ հասարակության ճնշող մեծամասնությունը խիստ բացասաբար է տրամադրված այս իշխանությանն էլ, նրա առաջ քաշած ցանկացած նախաձեռնությանն էլ, դրանում որևէ կասկած չկա: Այն, որ հասարակության համար կտրականապես անընդունելի է Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը, դա նույնպես կասկածից դուրս է, դրան, համոզված եմ, նույնիսկ իշխանության ներսում շատ խմբավորումներ են դեմ: Ուրեմն խնդիրը կայանում է նրանում, որ հասարակությանը հավատ ներշնչես, որ իր պայքարի արդյունքում կարող է բան փոխվել, մոտիվացնես, մոբիլիզացնես: Դրա համար հասարակության հետ անընդհատ աշխատանք պետք է տարվի, և այդ հարցում մենք մենակ չենք: Մեծ հանդիպում ենք ունեցել հանրային սեկտորը ներկայացնող մի շարք հայտնի կառույցների հետ, բոլորը հավաստել են, որ պատրաստ են իրենց ամբողջ ռեսուրսները տրամադրել այս փոփոխությունները վիժեցնելու նպատակով: Սա այն հարցն է, որ իսկապես լայն կոնսոլիդացիա է ապահովելու թե քաղաքական ուժերի, թե հասարակական կազմակերպությունների, թե քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների շրջանում: Այստեղ Սերժ Սարգսյանը մնալու է միայնակ:
Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի
Комментариев нет:
Отправить комментарий